Աշխատանքային այցով սեպտեմբերի 22-ին ԱՄՆ ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Էլլիս կղզի, որտեղ այցելել է Ներգաղթի թանգարան, դիտել՝ 1915թ. Հայոց ցեղասպանությանը և Էլլիս կղզով Միացյալ Նահանգներ ներգաղթած ցեղասպանությունից փրկված հայերի հիշատակին նվիրված ցուցադրությունը:
ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինին Սերժ Սարգսյանին շնորհել է «Էլլիս կղզի» պատվո մեդալը` ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում Սերժ Սարգսյանի ունեցած ներդրման, Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը նրա նվիրումի, ինչպես նաև Հայաստանում ներգաղթյալների արդյունավետ ինտեգրման ուղղությամբ գործունեության համար:
Ընդգծվել է, որ պատվո մեդալի շնորհման 25-ամյա պատմության ընթացքում Սերժ Սարգսյանն առաջին օտարերկրյա ղեկավարն է, ով արժանացել է այդ պատվին: Մինչ այժմ ԿԱԷԿ-ի «Էլլիս կղզի» պատվո մեդալով պարգևատրված հազարից ավելի անձանց թվում եղել են ԱՄՆ 6 նախագահներ, տասնյակ պետքարտուղարներ, սենատորներ, կոնգրեսականներ, Նոբելյան մրցանակակիրներ, արվեստագետներ ու ձեռնարկատերեր: