Նոր Նորքի 4-րդ զանգվածի մի խումբ բնակիչներ բաց նամակ են ուղղել նախագահին, գլխավոր դատախազին ու ոստիկանապետին՝ «Որքա՞ն պետք է շարունակվի հանցավորությունն ու հանցագործությունները»:
Նամակում, մասնավորապես, ասված է.
«Ձեզ դիմում են Նոր Նորքի 4-րդ զանգվածի ահաբեկված, շուրջ 2 տարի վախի ու կրիմինալի մթնոլորտում ապրող բնակիչները:
Անուշադրության,կրիմինալի և ոստիկանության սերտ հարաբերությունների, քաղաքական «մեջք» ունեցողների շնորհիվ Նոր Նորքի 4-րդ զանգվածում տեղի ունեցավ հերթական դանակահարությունը, այս անգամ՝ մահացու ելքով: Մահացավ Ղարաբաղյան պատերազմում կռիվ տված մարդու որդի՝ ազնիվ ու բարի 24-ամյա Դավիթ Օհանյանը: Նրա ապագան խոստումնալից էր…
Դեպքի մանրամասները ոչ ոք մինչ օրս ճշգրիտ չի հրապարակել, սակայն մեղավորները շարունակում են անպատժելիության մթնոլորտում ազատ տեղաշարժվել: Ինչո՞ւ: Պարոն նախագահ… Պարոն Ոստիկանապետ…
Բոլորին էլ հայտնի է, որ ծեծկռտուքին մասնակցել է 20-ից ավելի մարդ,այդ թվում 15-17-ը եղել են հանցագործություն կատարողի` Վարաժ Մանուկյանի ընկերները: Թաքցնում են, չեն ուզում պատժել:
Հարգելի Նոր Նորքի ոստիկանության պետ պարոն Մուշեղ Օհանյանը չի մտածում, որ վաղը այդ հանցագործները հնարավոր է իր ընտանիքին, բարեկամին կամ մերձավորին վնասեն:
Ինչո՞ւ մինչ այսօր չի ասվում, որ կռիվ սարքողն ու անմիջական մասնակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտնի ավագանի Արտակ Ավետիսյանի որդի Նարեկն ու նրա ոհմակն են:
Հայտնում ենք ամենայն պատասխանատվությամբ, ուղղակի վախի պատճառով ուղարկում ենք էլեկտրոնային նամակ, ԴԵՊՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԿՈԾԿԵԼՈՎ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆՈՐՔԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ԲԱՂՅԱՆԸ, ՆՈՐ ՆՈՐՔԻ ԹԱՂԱՊԵՏ ՄԵԼԻՔ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ԹԱՂԱՊԵՏԻ ԵՂԲԱՅՐ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ 7-ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱՐՏԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ (ով մարդասպանի քավորն է), ովքեր «Բարգավաճի» Արտակի մտերիմ ընկերներն են:
2 տարի է՝ հանգիստ չենք քնում էտ լակոտների պատճառով, կասեք՝ չգիտենք ովքեր են, ասում ենք, բոլորը գիտեն` Նարեկ Ավետիսյան, Տարոն Ավետիսյան, Ռաֆայել Ավետիսյան, Թադևոս Ավետիսյան, սրանք Արտակ Ավետիսյանի տղաներն են:
Չգիտեք, որ դեպքի վայրում եղել են իրենց մեքենաներով` «Մերսեդես 19-004», «Մերսեդես 99-991», «Վազ 2121 65-555», «Գրանդ Չերոկի 08-778»։
Արտակի եղբայրը` Արտաշը, ողջ Նոր Նորքում հայտնի թմրամոլ է, ինչ է, չգիտե՞ք: Մյուս եղբայրը հանցագործ է, քրեական աշխարհում հայտնի «Բառեց Արսեն» մականվամբ:
Հերիք եղավ՝ դոշ տան իրենց պապայի բալեքին` հանցագործներին, ում սովորեցրել են մարդասպան լինել: Երիտասարդները, ովքեր Արտակի բիլիարդանոցում են հավաքվում, հենց ոստիկանի բերանից են լսում «ով խելոք չի մնում, կոխեք փորը, թող էթա» բառերը:
Սա է մեր ոստիկանությունը Արտակ Գասպարյանի պատկերացմամբ, սա է թաղապետի աշխատանքի ոճը, սա է կաշառակեր Բաղյան կոչեցյալի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աշխատասեր ավագանին:
Հույս ունենք, որ գոնե այս նամակից հետո իրավիճակը կփոխվի, չէ՞ որ երկրի նախագահ լինելով մեծարգո Սերժ Սարգսյանն ինքն ասաց ՀՀ Անկախության օրվա ելույթում` ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ:
ՀԱՅՑՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ»: