Home / Հայաստան / Իր պատվին Լոս Անջելեսում կազմակերպված ընդունելությունից հետո Սերժ Սարգսյանը մեկնեց Ֆրանսիա

Իր պատվին Լոս Անջելեսում կազմակերպված ընդունելությունից հետո Սերժ Սարգսյանը մեկնեց Ֆրանսիա

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսայի կողմից՝ ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ընդունելությանը: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Նշելով, որ այժմ գտնվում է մի քաղաքում, որտեղ Հայաստանից դուրս ապրում է հայերի ամենահոծ հատվածը, Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լոս Անջելեսի տեղական իշխանություններին, քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսային և հայ ժողովրդի բոլոր բարեկամներին՝ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերվող ջերմ և բարյացակամ վերաբերմունքի համար:

«Հարյուր հազարավոր իմ հայրենակիցներ հնարավորություն են ստացել ազատ ապրելու, զարգանալու, իրենց բարեկեցությունը ապահովելու և, բնականաբար, իրենց լուման ունենալու և՛ քաղաքի, և՛ Միացյալ Նահանգների հաջողությունների մեջ: Մենք շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին այդպիսի վերաբերմունքի համար: Մեր բարեկամությունը հավերժ է, և  ես շատ ուրախ եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիների ընթացքում բավականաչափ ամրապնդվել են: Գիտե՞ք, շատ տարօրինակ մի բան կա՝ մենք ունենք հազարամյակների պատմություն, բայց նշում ենք մեր անկախության 20-ամյակը: Մենք երիտասարդ ժողովրդավարության երկիր ենք, բայց 1700 տարի ղեկավարվել ենք այդ գաղափարներով: Այսօր էլ բարեկամների աջակցությունը և մեր ներուժն օգնում են առաջընթաց ապահովելու մեր երկրում», – ասել է ՀՀ նախագահը:

Ավարտելով աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ՝ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա: