«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից խաբված որոշ բնակիչներ դիմել են դատարան` իրենց գույքը հետ ստանալու պահանջով, հայտնում է «Առավոտ» օրաթերթը:
Ըստ թերթի՝ դատական հայցեր են ներկայացվել, մասնավորապես, ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու` Դավիթ Բեգլարյանի:
Պարզվել է, որ Բեգլարյանն այդ շենքից միանգամից 14 բնակարան է ձեռք բերել: Սեփականատերերից մի մասի հետ գալով որոշակի պայմանավորվածության, Բեգլարյանը բնակարանների մի մասը վերադարձրել է, սակայն մի քանիսի համար դեռ շարունակում է պայքարել:
«Նկատենք, որ «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է, որն արդեն մի քանի ամիս է`ձգվում է: Այդ գործով ձերբակալվածներից ոմանք բնակարանները վերադարձրել են իրենց իրական տերերին: Չնայած այն բանին, որ բնակարանների մի մասը գնել է Դ. Բեգլարյանը, սակայն ՀՔԾ-ն նրանով չի հետաքրքրվում: Նշենք, որ պարոն Բեգլարյանը ներկայումս պաշտոնատար անձ է և զբաղեցնում է Էջմիածնի հարկայինի պետի պաշտոնը», – գրում է «Առավոտը»: