ՌԴ առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը վարչապետ Վլադիմիր Պուտինի ներկայացմամբ պաշտոնանկ է արվել նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից և ոչ թե ինքնակամ հրաժարական տվել:
Նշենք, որ ավելի վաղ «Ռիա Նովոստիի» հետ զրույցում Կուդրինն ասել էր, որ ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել:
«Ֆինանսների նախարարն անձամբ հրաժարականի դիմում չի տվել: Նախագահն է նրա ազատման հրամանագիրը ստորագրել վարչապետի ներկայացման գործընթացի համաձայն», – «Ինտերֆաքսին» հայտնել է նախագահի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան:
Մոդեռնիզացիայի հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ Մեդվեդևը Կուդրինից պահանջել է ստորագրել հրաժարականի մասին դիմումը, եթե Կուդրինը համաձայն չէ ներկայիս նախագահի և կառավարության ընտրած ուղու հետ: Սրան ի պատասխան, Կուդրինը ասել է, որ պետք է քննարկի հարցը վարչապետ Պուտինի հետ:
Ինչպես ենթադրում էին քաղաքագետները, Կուդրինի և Մեդվեդևի միջև ծագած տարաձայնությունների պայմաններում Պուտինը կարող էր ֆինանսների նախարարի դիրքորոշումը ընդունել: Սակայն դեպքերն այլ կերպ զարգացան:
Կուդրինի այն հայտարարությունից հետո, թե հրաժարական տալուց առաջ իրեն անհրաժեշտ է խոսել Պուտինի հետ, Մեդվեդևը պատասխանել էր.«Ում հետ ուզում եք խորհրդակցեք, այդ թվում` վարչապետի, բայց քանի դեռ ես նախագահ եմ, նման որոշումներ ես ինքս եմ կայացնում: Դուք ստիպված կլինեք շատ արագ որոշել և ինձ պատասխանել, թե՞ դուք ելնում եք այն հանգամանքից, որ ձեր կողմից նշված հակասությունները գոյություն չունեն, այդ դեպքում դուք ստիպված կլինեք մեկնաբանել իրավիճակը: Իսկ եթե այդ հակասությունները գոյություն ունեն, ես այլ տարբերակ չեմ տեսնում, թեև ինձ իհարկե հաճելի չէ այս ամենը», – ասել է Մեդվեդևը: