Իրադարձությունների զարգացման հիմնական հեղինակը, երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, իրականում լինում է իշխանությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով իշխանափոխության հնարավորության մասին, հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Այսինքն` իշխանությունն է որոշում, թե որ տարբերակով պետք է գնա իրադարձությունների զարգացումը, եթե դա քիչ թե շատ քաղաքակիրթ իշխանություն է, կամ իշխանություն է, որը հասկանում է, որ պետք չէ սերունդների անեծքը բերել իրենց գլխին: Այդպիսի իշխանությունը սովորաբար սկսում է բանակցություններ: Այդպես եղավ Լեհաստանում, Արևելյան Եվրոպայի այլ երկրներում: Հիմա Թունիսում համառեցին մի քիչ իշխանությունները, դա մի քիչ ավելի ծանր հետևանքների բերեց, Մուբարաքը ավելի շատ համառեց, հիմա, գիտեք, որտեղ է գտնվում: Ամենամեծ համառությունը, հիմարության հասնող ֆանատիզմը ցուցաբերում էր Քադաֆին»,- ասել է ՀԱԿ համակարգողը:
Զուրաբյանը, սակայն, չի կարծում, որ մեր իշխանությունները գերադասում են արյունահեղության կամ քաղաքացիական պատերազմի տարբերակը:
ՀԱԿ համակարգողն անդրադարձել է նաև Պուտին-Մեդվեդև փոխատեղման հնարավոր ազդեցությանը հայաստանյան քաղաքականության վրա: Լրագրողի այն հարցին, թե ինչ կանի Հայ Ազգային Կոնգրեսը, եթե Պուտինի աջակցությունը վայելող Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, Զուրաբյանը պատասխանել է.
«Ինչ վերաբերում է նրան, որ Պուտինը կաջակցի Քոչարյանին, բոլոր այդ խոսակցությունները ես համարում եմ հիմարություն: Ռուսաստանը լուրջ պետություն է և նման խիմերաներով չի զբաղվի»,- ասել է Զուրաբյանը: