Սեպտեմբերի 28-ին Արմեն Սարգսյանը և Կարեն Առուստամյանն ակտիվիստների խմբի անունից բաց նամակ են տարածել, որում նշվում է, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն իրեն է վերագրում այն, ինչ անում են այլ մարդիկ:
Նամակում նշվում է, որ սեպտմեբերի 2-5-ը երիտասարդ ակտիվիստների խումբը մեկնել էր Արցախ` մասնակցելու «Arcakh Barcamp 2011»-ին:
«Այցելեցինք Արցախի տեսարժան վայրեր, հետ վերադառնալիս այցելեցինք նաև Ստեփանակերտի Տատիկ-պապիկի արձանը: Քանի որ շատերս առաջին անգամ էինք այնտեղ, շատ մեծ ցավ ապրեցինք` տեսնելով արձանն այդ վիճակում` ամբողջությամբ պատված գրվածքներով: Ունենալով արձանները մաքրելու նախկին փորձ` ճանապարհին որոշեցինք նախաձեռնել արձանը մաքրելու քաղաքացիական նախաձեռնություն: Սեպտեմբերի 13-ին «Ֆեյսբուքում» մենք բացեցինք մի իվենթ` «Եկեք մաքրենք տատիկ-պապիկի արձանը, ամոթ է»:
Մեզ միացան երիտասարդներ ու մեծեր, մարդիկ, ովքեր կողմ էին այդ գաղափարին: Լուսաբանվեց այդ ամենը էլեկտրոնային լրատվամիջոցներում, որը մեզ համար անակնկալ էր: Արցախ մեկնելու համար փորձեցինք գտնել հովանավորներ: Արձագանքեց միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը տրամադրեց մեզ տրանսպորտային միջոց, կացություն Արցախում: Մեր նախաձեռնությունից հետո Արցախի Հանրապետության ԱԺ-ում բուռն քննարկում է տեղի ունենում, որոշում է կայացվում մաքրել արձանը և հետագայում դա կատարվում է: Մենք կապվում ենք Ստեփանակերտի քաղաքապետարան, նախարարություն, որպեսզի ստանանք համաձայնություն արձանը մաքրելու, նրանք մերժում են, և փոխարենը առաջարկում են բարեկարգել Տիգրանակերտի Վանքասար եկեղեցին, որը գտնվում է Աղդամում: Մենք որոշում ենք գնալ և մաքրել եկեղեցին: Սեպտեմբերի 24-25-ը գտնվում ենք Արցախում, կատարում մեր առաքելությունը: Վերադառնում ենք Երևան, անցնում բնականոն գործի, երեկոյան կարդում ենք օրվա լրահոսը ու տեսնում մի զարմանալի բան` «Չենք լռելու» նախաձեռնությունը տեղեկատվություն է տարածել հետևյալ բովանդակությամբ` «Սեպտեմբերի 13-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տեսանյութ հրապարակեց արձանի վերաբերյալ: Իսկ տեսանյութի հրապարակումից հետո մի խումբ հայրենասեր երիտասարդներ Facebook-ում սկսեցին կամավորներ հավաքագրել Արցախ այցելելու և հուշարձանը մաքրելու համար: Սակայն սեպտեմբերի 24-ին հասելով Ստեփանակերտ` նրանք հայտնաբերել են, որ հուշարձանն արդեն մաքրված է. Արցախի իշխանությունները «Չենք լռելու»-ի կողմից բարձրացված աղմուկից հետո հասցրել էին շտապ գործողություններ ձեռնարկել այդ ուղղությամբ»:
Մենք փորձեցինք «Չենք լռելու»-ի ֆեյսբուքյան խմբում պարզել, թե ինչու է մեր կողմից իրականացվող նախաձեռնությունը վերագրվում «Չենք լռելու»-ին, երբ որ ոչ մի մասնակցություն նրանց կողմից չի եղել: Պատասխանը հետևայլն էր` «մենք սեպտեմբերի 12-ին youtube-ում տեղեդրել ենք տեսանյութ, տեսանյութը տարածելուց հետո մենք կապվեցինք ԼՂՀ կառավարության տուրիզմի և մշակութային հուշարձանների պահպանության վարչության հետ, որտեղից այս ուրբաթ օրը մեզ զանգահարեցին և հայտնեցին, որ արձանն արդեն մաքրված է»:
Արձանի մաքրման մասին մենք տեղյակ էինք, քանզի խոսել էինք պրն. Շահվերդյանի հետ, ԼՂՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար պրն. Ժամհարյան Գարիկի հետ և նրանց հետ որոշումներ էինք կայացնում, թե ինչպես կազմակերպենք այցելությունը Արցախ, Վանքասարը մաքրելու հետ կապված մի շարք հարցեր ու ճշտումներ:
Մեկ անգամ ևս կրկնենք, որ այս նախաձեռնությունը եղել է մերը, ամբողջ ընթացքը կազմակերպվել է մեր իսկ ջանքերով, և «Չենք լռելուն» ոչ մի առնչություն չունի մեր նախաձեռնության, Արցախ մեկնելու ու ծրագիրն իրականացնելու հետ: Խնդրում ենք բոլորին լինել անկեղծ իրենց արած գործում ու այլ մարդկանց կողմից կատարած գործերը չվերագրել սեփական հզորությանը: Անկեղծ գործերը լուռ են արվում կամ էլ ինքնագովեստ չեն պարունակում», – նշում են նամակի հեղինակները: