Սեպտեմբերի 27-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանն աննախադեպ վճիռ է կայացրել` ընդդեմ ավելի քան 1 տարի լույս չտեսնող «Հայք» օրաթերթի: Արման Գալոյանը տարածած հաղորդագրության մեջ վճիռը անվանում է «խայտառակ»:
Դատարանը բավարարել է Արենի գյուղի բնակիչ Սուսաննա Բաղդասարյանի հայցն` ընդդեմ «Հայք» օրաթերթի խմբագրության և նախկինում այդ թերթի (այժմ` « lragir.am» կայքի և «Ժողովուրդ» օրաթերթի) թղթակից Արման Գալոյանի:
Որպես երկրոդ պատասխանող էր ճանաչվել էր լրագրողի տեղեկատվության աղբյուրը` Սվետլանա Առաքելյանը, որն էլ հարցազրույց էր տվել թերթին` իր ամուսնու սպանության վերաբերյալ: Դատարանը ապացուցված է համարել, որ հոդվածում Սվետլանա Առաքելյանի տրամադրած տեղեկատվության բառացի շարադրանքն է զետեղվել հոդվածում, մեջբերվել որպես ուրիշի ուղղակի խոսք` չակերտների մեջ: Ու քանի որ հոդվածում առկա է հղում սկզբնաղբյուրին, պատասխանատվությունը կրում է ոչ թե լրագրող Արման Գալոյանը, այլ սկզբնաղբյուրը: Եվ դատարանը պարտավորեցրել է Սվետլանա Առաքելյանին հերքել «Հայք» օրաթերթի 2008 թվականի փետրվարի 8-ի համարում հրապարակված «Սպանության հետքերով» հոդվածում հայտնած տեղեկությունները` նույն «Հայք» թերթում` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո` հերքում խորագրի ներքո:
«Դատավոր Կարինե Պետրոսյանի կայացրած վճռի վերաբերյալ հարկ եմ համարում հայտարարել հետևյալը. խեղկատակություն է ոչ միայն կայացված դատական ակտը, այլ նաև` դատական ողջ գործընթացը: Եթե դատավորն իրեն նեղություն տար ու կարդար «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը, ապա ի սկզբանե հայցը չէր ընդունի վարույթ: ՀՀ Զանգվածային Լրատվության մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի համաձայն` «Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը»: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասի համաձայն` «հայցի պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ»: Տվյալ դեպքում ԶԼ մասին օրենքով սահմանվել է հերքման պահանջը ներկայացնելու 1-ամսյա ժամկետ` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը: «Հայք» օրաթերթում իմ հոդվածը լույս է տեսել 2008թ փետրվարի 8-ին, իսկ դատարան հայցադիմումը ներկայացվել է 2010 թ. օգոստոսին: Սա արդեն բավարար հիմք էր` հայցադիմումն ընդհանրապես վարույթ չընդունելու համար: Սակայն դատավորը անտեսել է օրենքի այս դրույթը: Օգտվելով Քաղ.դատ.օր-ի համապատասխան հոդվածից` ես չեմ մասնակցել դատաքննությանը: Ողջ գործընթացը համարել եմ ապօրինի ու չեմ ցանկացել լեգիտիմացնել կամ իմ գործողություններով օրինականացնել ապօրինությունները:
Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ 2010 հուլիսից դադարեցվել է «Հայք» օրաթերթի տպագրությունը, մինչդեռ` դատարանը վճռել է, որ Սվետլաննա Առաքելայնը հերքումը պետք է տպագրի «Հայք» օրաթերում` «հերքում» խորագրի ներքո:
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ գործ ունենք կամ` քաղաքական հետապնդման, կամ`միտումնավոր անգրագիտության հետ: Առավել ևս, որ հայցվորի ընտանիքն ազգակցական կապ ունի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ», – գրում է Գալոյանը: