Այս տարվա մայիսի 10-ին ձերբակալված Արմավիրի բնակիչ Դավիթ Կիրակոսյանի հարազատներն արդարացի քննություն են պահանջում:
Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով (թմրանյութերի մաքսանենգություն) և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի իրացում): Համաձայն քննության վարկածի, Դավիթ Կիրակոսյանը մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծել 210 հատ «Սուբոտեքս» տեսակի դեղահաբ:
Epress.am-ի հետ զրույցում Դավիթ Կիրակոսյանի մայրը` Մելանյա Սիմոնյանը, պատմել է, որ իր որդին դեղահաբերի մասին տեղյակ չի եղել: Այս տարվա մայիսի 2-ին Դավիթի հորաքրոջ տղայի` Սպարտակ Մխիթարյանի անունով Ֆրանսիայից ծանրոց է եկել, որը ուղարկել է Սիմոնյանի մյուս որդին` Վարդան Գրիգորյանը: Այդ ծանրոցը որպես օգնություն ուղարկվել է Սպարտակ Միքայելյանին և իր ընտանքին, իսկ ծանրոցում եղել է նաև իր որդու` Դավիթի համար նախատեսված մի կոստյում: Սակայն ծանրոցը Արմավիր չի հասել, և Սպարտակ Մխիթարյանը Մելանյա Սիմոնյանին տեղեկացրել է, որ այն պիտի ստանան Երևանից` «Հայփոստի» բաժանմունքերից մեկից:
«Քանի որ Դավիթն Արմավիրի մարզի «Հայոց արծիվներ» հ/կ-ի ղեկավարն էր, պիտի գնար իր գործերով Երևան: Ես խնդրեցի իրեն, որ Սպարտակի հետ գնա, քանի որ, եթե ծանրոցը չի հասել Արմավիր, ուրեմն պրոբլեմային է: Ասեցի` գնա, տես` ինչ խնդիր է, օգնի: Գնում են, Դավիթը դրսում է կանգնում, Սպարտակը մտնում է ներս: Ծանրոցը բացում են, հայտնաբերում են դեղահաբեր, որի անունը` «Սուտոդեքս»: Ըստ իրենց տվյալների, ես չեմ տեսել, 210 հատ է լինում: Էս ամեն ինչից հետո Սպարտակին հարցնում են` ո՞վ է ուղարկողը, ասում է` քեռուս տղան: Դրանից հետո հարցնում են` ո՞ւմ հետ ես եկել, ասում է քեռուս մյուս տղայի, ասում է` կանչեք ներս», – պատմել է Դավիթի մայրը:
Նրա խոսքով` երբ Սպարտակը դուրս է եկել շենքից և Դավիթին ասել է, որ ծանրոցի մեջ դեղ են հայտնաբերել, Դավիթն անակնկալի է եկել:
«Էդ րոպեին Դավիթը հեռախոսով կապվում է եղբոր հետ, ասում է` էս ի՞նչ ես դրել մեջը, ու անմիջապես տալիս է Սպարտակին: Վարդանն ու Սպարտակն իրար հետ խոսում են: Դրանից հետո Դավիթն իր ոտքով մտնում է «Հայփոստ», այնտեղ իրենց առանձնացնում են վկայություն են վերցնում: Անձնագրերը վերցելուց հետո երկուսին էլ բաց են թողնում, սակայն մայիսի 10-ին «Հայփոստ»-ից զանգում են, ասում են` եկեք, ձեր ծանրոցը տարեք: Նրանք երկուսով գնում են, նրանց անմիջապես ձերբակալում են: Ամսի 12-ին 48 ժամը լրանալուն պես Դավիթի խափանման միջոցը փոխում են` կալանավորում, իսկ Սպարտակին հաջորդ օրը որպես վկայի բաց են թողնում», – ասել է Մելանյա Սիմոնյանը:
Համաձայն նախաքննության, մեղադրանքը կայանում է նրանում, որ երկու եղբայր հանցավոր համաձայնության են եկել, իսկ որպես միջնորդ օղակ էլ Սպատակին են օգտագործել:
Դավիթի մայրը նաև իր վարկածն է ներկայացրել առ այն, թե ինչպես են դեղահաբերը ծանրոցում հայտնվել:
«Երբ կապվեցինք Վարդանի հետ, նա ասաց, որ Վարդան Ալեքսանյան անունով մի գյումրեցի, ով լյարդի ցեռոզով հիվանդ է, խնդրել է այդ դեղահաբերը դնեն իր ծանրոցի մեջ, որովհետև իմացել է, որ ծանրոց պիտի ուղարկի Սպարտակին: Ասել է` 200 գրամ բան ա, իմ սեփական դեղահաբերն ա, ես ուզում եմ Հայաստան գնամ, բայց էդքան չեմ կարող հետս տանեմ, ուղարկեմ` մամաս ու պապաս էլ կգան կվերցնեն: Դրա մասին Վարդանը ո’չ Դավիթին, ո’չ Սպարտակին չէր ասել: Միայն այդ ամենից հետո Վարդանը պատմել է` ինչ է եղել», – ասել է Սիմոնյանը:
Նշենք նաև, որ Ֆրանսիայից Վարդան Գրիգորյանը և Վարդան Ալեքսանյանը ուղարկել են իրենց վկայությունները, համաձայն որոնց ո’չ Դավիթ Կիրակոսյանը, ո’չ Սպարտակ Մխիթարյանը, ոչ էլ իրենց մնացած հարզատները տեղյակ չեն եղել այդ դեղահաբերից:
Մելանյա Սիմոնյանի խոսքով` Դավիթի նկատմամբ որպես ապացույց են ներկայացնում Սպարտակ Մխիթարյանի ցուցմունքը, որը, Դավիթի մոր խոսքով, մանկուց տառապել է հոգեկան հիվանդությամբ: Դատաբժշկական փորձաքննությունը նույնպես փաստել է դա` միևնույն ժամանակ նշելով, որ Սպարտակն այդ ամենի հետ մեկտեղ «կարողանում է ճիշտ կողմնորոշվել և ճիշտ ընկալել փաստերը»: Դավիթի մայրը նաև հավելել է, որ Սպարտակը չի ծառայել ՀՀ Զինված ուժերում հիվանդության պատճառով:
Առերեսման ժամանակ Սպարտակը, որ երբ նա դուրս է եկել «Հայփոստից» և Դավիթին պատմել է դեղահաբերի մասին, վերջինս ասել է. «Վառվանք, արի փախնենք»:
Մելանյա Սիմոնյանի խոսքով, սակայն, եթե նման բան լիներ, Դավիթը կփախչեր, ոչ թե իր ոտքով կմտներ «Հայփոստի» բաժանմունք:
«Այս պահին նախաքննություն է դեռ ընթանում, ես չեմ կարող ասել` տասը օր հետո ինչ փաստ կբերեն: Բազում հարցաքննություններ են եղել, նրանք որոնում են մարդ, որ առք ու վաճառք կատարած լինի Դավիթի հետ: Սեպտեմբերի 23-ի դրությամբ դեռ չեն գտել: Եկած դեղահաբերի քանակն է գործի հիմքում հիմնականում ընկած է Սպարտակի ցուցմունքը: Չորս ամիս է մենք Դավիթի հետ չենք տեսակցել, փակ է, ոչ հեռախոսազանգեր ունենք, ոչ տեսակցություն: Հիմա դիմում եմ գրել, որ մի անգամ տեսակցություն թույլ տան»,- ասել է մեղադրյալի մայրը:
Նա նշել է, որ դեպքի մասին նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Մելանյա Սիմոնյանն իր դիմումում խնդրել է օբյեկտիվորեն վերլուծել իրավիճակը և ճիշտ լուծում տալ գործին:
Նշենք, որ Ֆրանսիայից քննչական մարմիններին ուղարկվել է նաև մի դեղատոմս, համաձայն որի Վարդան Ալեքսանյանը օգտվում է «Սուբոտեքս» դեղամիջոցից, որը նախատեսված է երկարաժամկետ բուժվող հիվանդությունների համար: Այդ փաստաթղթում առկա է նաև բժշկի ստորագրությունը և դեղատան մասնագիտական կնիքը:
ՀՀ առողջապահության նախարարությունից Epress.am-ը տեղեկացել է, որ տվյալ դեղահաբերը Հայաստանում գրանցված չեն, և մեր դեղատներում չեն վաճառվում: Դրանք, ըստ նախարարության տրամադրած տեղեկատվության, հանդիսանում են ուժեղ ցավազրկող, որոնք արտերկրներում ազատ վաճառվում են: