Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի մոտ 20 ակտիվիստներ սեպտեմբերի 30-ի հանրահավաքին ընդառաջ իրազեկում են անցկացրել Երևանի կենտրոնում:
Ինչպես հայտնում է Epress.am-ի թղթակիցը, «Երևան» կինոթատրոնի մոտակայքում իրազեկմանը խոչընդոտել են 7-8 երիտասարդներ, որոնցից ալկոհոլի ուժեղ հոտ էր գալիս:
Նրանք պահանջել են «իրենց թաղում էտ չանել». ՀԱԿ-ի ակտիվիստները վերջիններիս հետ կոնտակտի մեջ չեն մտել և հեռացել են Հանրապետության հրապարակի ուղղությամբ:
Երիտասարդները հետապնդել են ակտիվիստներին և, հասնելով նրանց հրապարակի շատրվանների մոտ, սկսել են քաշքշել և հարվածել վերջիններիս: Քաշքշուկի ժամանակ նրանք խլել են ակտիվիստների թերթոնները և նետել շատրվանների լողավազանի մեջ, որից հետո հեռացել են:
Դեպքի մասին ակտիվիստները տեղյակ են պահել Կենտրոնի ոստիկանությանը: Միջադեպից 25-30 րոպե հետո դեպքի վայր են ժամանել Կենտրոնի ոստիկանության քրեականի պետ Հովհաննիսյանը և նրա տեղակալ Ամիրխանյանը, որոնց ներկայացվել են միջադեպի մանրամասները: Զրույցին ներկա է եղել դեպքի վայր ժամանած ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նշենք, որ իրազեկման ընթացքում ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանական մեքենա է ուղեկցել, սակայն միջադեպի պահին այն տեղում չի եղել: