Ռուս ուղղափառ եկեղեցու սպասավոր, հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վսեվոլոդ Չապլինը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում առաջարկել է քննարկել, թե որքանով են հանրահայտ գրողներ Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» և Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպերն արդարացնում մանկապղծությունը:
Չապլինը նշել է, որ ժամանակին այս գրողների ստեղծագործությունների հանդեպ արևմտյան մի շարք երկրներում բավական բացասական վերաբերմունք կար:
Հոգևորականի խոսքով` ներկայումս Ռուսաստանին իսկական «բարոյական հեղափոխություն է անհրաժեշտ»:
«Եթե հանրությունն ամուր բարոյական հիմքի վրա չկանգնի, 100 տարի անց այդ հանրությունն այստեղ չի լինի»,- հայտարարել է նա:
Նշենք, որ Չապլինը հաճախ հանդես է գալիս հասարակության մեջ տարբեր բնույթի արգելելքներ սահմանելու առաջարկներով: Վերջերս նա առաջարկել էր «համառուսական դրես-կոդ մտցնել», որը կկանոնակարգի հասարակական վայրերում տղամարդկանց և կանանց արտաքին տեսքի հետ կապված նորմերը, բացառությամբ, իհարկե, «հասարակաց տների և ստրիպ-բարերի»:
Հոգևորականի այս հայտարարությունը ռադիոկայանի բլոգում քննարկման առիթ է դարձել: Մի շարք բլոգերներ գրական ստեղծագործությունների, մասնավորապես, հեքիաթների սեփական տարբերակներն են առաջարկում, որոնք, ըստ նրանց, համարժեք են Չապլինի կողմից նշված «մանկապղծություն քարոզող» գործերին:
Psi անունով օգտատերը գրում է. «Նաև կարմիր գլխարկը արգելեք: Գայլն էլ պակաս մանկապիղծը չի»:
Իսկ ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն առաջարկում է հավելել այս շարքը գնդիկ բոքոնիկի մասին հեքիաթով` այս անգամ մանկապղծության մեջ մեղադրելով աղվեսին:
«Մատնաչափիկն ամուսնանում էր խավարասեր կրծողի և բզեզի հետ, այստեղ զոոֆիլիայի հստակ քարոզչություն կա, մանկապիղծներից թույն բան է»,- գրում է samuelmarshak-ը:
«Իսկ ՄԵՐԿ թագավորը զբոսնում էր փողոցներով: Իսկ երեխաները նայում էին: Եվ տղան ասաց… Ձեզ հետ Վսեվոլոդ Չապլինն էր: Ի սեր Աստծո, ոնց է բոլորին հոգնեցրել»,- գրում է rerkbyf օգտատերը: