Քանի դեռ ԱՄՆ-ն ներկա է Կովկասում, այնտեղ երբեք խաղաղություն չի լինի: Ամերիկացիները Կովկասում պատերազմի, այդ թվում` ազգամիջյան և կրոնական, գլխավոր հրահրիչներն ու բորբոքողներն են: Այս մասին 1news.az-ի հետ զրույցում ասել է ռուսաստցի լրագրող, Առաջին ալիքի հաղորդավար Մաքսիմ Շևչենկոն:
«Ես ավելի վաղ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ Կովկասում խաղաղությունը պետք է ստեղծվի տարածաշրջանի հզոր պետությունների` Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից: Այն պետությունների, որոնք պատմական շահեր են ունեցել Կովկասում: Ցավոք սրտի, այդ շահերը իմպերիալիստական են եղել, բայց այդպիսին է եղել պատմությունը»,- նշել է փորձագետը:
Նրա խոսքով` այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «առանց ԱՄՆ-ի մենք չենք կարողան գլուխ հանել»:
«Խնդրեմ` Իրանը, այն առանց ԱՄՆ-ի հիանալի ապրում է: Եվ երբ Անդրկովկասի պետությունները` Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, հրաժարվեն ամեն ինչ Արևմուտքի, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ համաձայնեցնելու ոչ խելամիտ գաղափարից, միգուցե և հաջողվի խաղաղություն բերել այս հողին:
Տեսեք` Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, այս երկրները կարող են հակասություններ ունենալ, և դա նորմալ է: Բայց այս երկրները կապված են Կովկասի հետ, եթե ցանկանում եք իմանալ, արյամբ են կապված: Կովկասում ապրում են մեր մտերիմները, ընկերները, հարազատները: Մենք մարդկային հետաքրքրություն ունենք: Իսկ Արևմուտքի հետաքրքրությունը մարդկային չէ, այն շահադիտական է: Նրանց միայն գազատար, նավթատար խողովակներն են հետաքրքրում և այդ ամենի գինը: Եվ եթե հանկարծ վաղը, Աստված մի արասցե, Կովկասը արյան մեջ լինի, ԱՄՆ-ին դա կմտահոգի բացառապես Ուոլ Սթրիթում բաժնետոմսերի առ ու վաճառքի տեսանկյունից: Այլ տեսակի մտահոգություններ նրանք չեն ունենա: Այդ իսկ պատճառով, մեր խնդիրները մարտավարական են, Կովկասի ճակատագիրը պետք է հենց Կովկասի կողմից որոշվի և այն հզոր պետությունների, որոնք շրջապատում են Կովկասը և պատմականորեն կապված են Կովկասի ժողովուրդների հետ:
Եթե հստակ խոսեմ հայ-ադրբեջանական հակամարտության մասին, կարծում եմ, որ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի խելամիտ երկխոսության դեպքում այն կարող է շատ արագ լուծվել: Իսկ ԱՄՆ-ն հետաքրքրված չէ հակամարտության կարգավորմամբ ոչ հօգուտ Բաքվի, ոչ Երևանի: Նրանց պետք է առկախված վիճակ ունենալ»,- եզրափակել է Շևչենկոն: