Այսօր «Հրապարակ» օրաթերթում տպագրվել է «Նախկին «Հայլուրի» նոր Նվերը» վերնագրով Պողոս Փաշայանի հեղինակային հոդվածը, որում անդրադարձ է կատարվում քաղաքական մեկնաբան Նվեր Մնացականյանին: Հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով.
««Առաջին լրատվականը» (նախկին «Հայլուրը») բարեփոխումների մասին տարօրինակ պատկերացումներ ունի: Այսինքն, ոչ թե «Առաջին լրատվականը», այլ նրա ղեկավարը` Սամվել Ֆարմանյանը: Այս տղան ՀՀ նախագահի գրասենյակից Հանրային հեռուստաընկերություն տեղափոխվեց «Հայլուրը» հեռուստադիտողին մարսելի դարձնելու համար: Հեռացվեցին ոմանք և հրավիրվեցին մարդիկ: Հրավիրվածներից է «Շանթի» նախկին մեկնաբան Նվեր Մնացականյանը: Եվ ահա Նվեր Մնացականյանը ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի մասին տեղեկացնում է` «հնչեցին քննադատական ելույթներ»: Իսկ ո՞ւր են քննադատական ելույթները: այս ` «հնչեցին քննադատական ելույթներ»-ը «Հայլուրով» ասվել է գրեթե այնքան, որքան ՀԱԿ-ը հանրահավաքներ է անցկացրել: Եվ այս ձևակերպումը Սամվել Ֆարմանյանի կլիշեն է: Ոչ մի մեկնաբան այս նախադասության մեջ չկա…
… Ուրեմն ինչո՞ւ էք բերել Նվերին, եթե նրա, ենթադրենք` միտքը, ենթադրենք` անհատականությունը, ենթադրենք` նյութի ընկալման պատկերացումները «Շանթից» «Առաջին լրատվական» իր հետ չի բերել: Նրան հայտնի՞ է, թե ինչու են իրեն հրավիրել Հ1: Որովհետև, ինչպես Սամվելն է ասում, Նվերը դուր է գալիս մեծահասկաներին: Այսինքն, մենկաբան է, որի խոսքը մեծահասակներին վստահություն է ներշնչում…
«Եկել է պահը պետության հետ գործ ունենալու», – իր Հ1 տեղափոխվելն այսպես էր պատճառաբանել Նվերը լրատվամիջոցներից մեկին: Իսկ ո՞վ է ասել, որ «Առաջին լրատվականը» պետություն է, այս փաստըչիմանալով` դու ի՞նչ գործ ունես Հ1-ում:
Կամ ինչո՞ւ ես պետության հաշվին ոչինչ «չասում» առնվազն 30 րոպե: Ավելի ազնիվ է, եթե ասես, որ եկել է ժամանակը գործ ունենալու դուքանի հետ: Որովհետև դուքանն ինքնուրույնություն չի ուզում, այնտեղ փողը պրոֆեսիոնալիզմից երաշխավորված է: Այլ հարց է, որ պրոֆեսիոնալը դուքանում էլ է պրոֆեսիոնալ: Ես տեքստից եմ խոսում, Նվեր, ոչ թե մեկնաբանական դպրոցի առանձնահատկություններից, ես խոսում եմ երկու տարբեր օրերի իսկապես տարբեր լինելու իրավունքից և չեմ ուզում, որ դուք, հեռուստանորությունից անտեղյակ լինելոբ, տեղեկատվություն փոխանցող խաղաք, որովհետև, եթե հեռուստադիտողները Հ1-ում կորցնեն իրենց սիրելի Նվերին, պիտի մեկը կողմնորոշվի` որտե՞ղ փնտրել նրան…
…Ուրեմն մի մոռացիր, Նվեր, որ քեզ բերել են Հ1 «Առաջին լրատվական» կոչվող քրեական հանցագործության մեջ ներքաշելու համար, որովհետև գալու է, չէ՞, մի օր, երբ նրանք, ովքեր զահլա չունեն ծիծաղելու այն ամենի վրա, ինչ դու և քո ղեկավարներն անում եք եթերի հետ, հարցնելու են` տղա ջան, էդ ինչո՞վ էիր զբաղված, ո՞ր հարկատուն է քեզ լիազորել իր հաշվին իրեն ապուշի տեղ դնել»: