2011թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր` Մ.Մակյանի նախագահությամբ /նստավայրը ք.Եղվարդ/ նշանակված էր Խաչիկ Հովսեփյանի գործով դատավարությունը: Նա մեղադրվում է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության մեջ:
Ինչպես հաղորդում է Հելսինկյան ասոցիացիան, նիստից առաջ դատարանի շենքի դիմաց ամբաստանյալի պաշտպան Գայանե Խաչատրյանը նկատել է շտապօգնության մեքենա. ամբաստանյալ Խ. Հովսեփյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Շտապօգնությունը ժամանել է 2 անգամ: Ամբաստանյալի ճնշումը բարձրացել էր 140 -100, նա փսխել է:Սակայն շտապօգնության բժիշկը նրան ներարկել է ցավազրկող,որից հետո հեռացել: Այնուհետև դատարան է ներկայացվել 2 փաստաթուղթ, որտեղ առանց բժշկական և գործիքային /էլեկտրոսրտագիր/ հետազոտության նշվել է, որ ամբաստանյալ Խ. Հովսեփյանի առողջական վիճակը բավարար է, սրտային որևէ պաթոլոգիա չունի և կարող է մասնակցել դատական նիստին:
Հելսինկյան ասոցիացիայի հաղորդագրության համաձայն, սակայն, ամբաստանյալի վիճակը գնալով վատացել է, իսկ դատավոր Մ.Մակյանը, հիմնվելով տվյալ փաստաթղթի վրա՝ հայտարարել է. «Ոտ ու ձեռից բռնեք, քաշեք բերեք դահլիճ, ինչ ա նշանակում չի կարող մասնակցել»:
«Այսինքն այն դատահոգեբուժական փորձաքննությունը, համաձայն որի Հովսեփյանը կարիք ունի բուժման, անտեսվեց դատավորի կողմից, իսկ ինչ-որ կիսագրագետ բժշկի արձանագրությունը, որը հիմնավորված չէ որևէ գործիքային կամ այլ հետազոտություններով, հիմք հանդիսացավ դատարանի համար կասկածել ամբաստանյալի առողջական վիճակի վրա և նման կոպիտ արտահայտություն անել ամբաստանյալի նկատմամբ», – նշում է Հելսինկյան ասոցիացիան:
Նշենք, որ դատավորը նախազգուշացրել է Խաչիկ Հովսեփյանին, որպեսզի նա գա և մասնակցի դատական նիստին, սակայն ամբաստանյալը այդպես էլ չի կարողացել մասնակցել առողջության վատթարացման պատճառով, որից հետո դատավորը որոշում կայացրեց դատական նիստը շարունակել առանց ամբաստանյալի:
16:00-ի դրությամբ նիստը շարունակվում էր: