ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախկին թիկնապահ ներկայացող տղամարդը համացանցում հայտարարել է, որ վաճառում է երկրի ղեկավարի ոչ պաշտոնական լուսանկարները: Նա տեսանյութ է տարածել, որում բացատրում է, թե ինչպես է աշխատանքի ժամանակ նկարահանել նախագահին: Նկարների վաճառքի մասին տեղեկությունները հայտնվել են հատուկ այդ նպատակի համար ստեղծված medvedevphotos.com կայքում:
Նախկին թիկնապահը, ամենայն հավանականությամբ, հույս ունի արևմտյան մամուլի հետաքրքրությունը շարժել, քանի որ տեսանյութն արված է անգլերենով, իսկ յուրաքանչյուր նկար գնահատվում է 10,000 ֆունտ: Նկարներն իսկապես ունենալու փաստն ապացուցելու համար տղամարդը մի լուսանկար է տեղադրել, որում Մեդվեդևը McDonald’s-ի փաթեթով դեպի իր մեքենան է գնում, թեև նկարը շատ փոքր է դրա իսկությունը հաստատելու համար:
«Ողջույն: Ես բանակի լեյտենանտ եմ, աշխատել եմ Մեդվեդևի թիկնապահական ծառայությունում 2010 թվականից: Ասում եմ «աշխատել», որովհետև զրկվել եմ պաշտոնիցս առանց որևէ բացատրության: Հասկանալի պատճառներով, անունս չեմ բացահայտի: Ծառայության տարիներին հասցրել եմ նախագահին և նրա շրջապատին վերաբերող մեծ թվով նկարներ անել»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Եվ այժմ, Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվելով, ես հնարավորություն ունեմ փորձել վաճառել դրանք: Անկեղծ կասեմ, ոչ մի սենսացիոն նյութ չունեմ, սակայն կան նկարներ, որոնք երբեք ոչ մի տեղ չեն հրապարակվել և շատերին կարող են հետաքրքրել, այդ իսկ պատճառով ես դրանք 10,000 եմ գնահատել: Բոլոր շահագրգիռ կողմերին խնդրում եմ գրել [email protected] հասցեին»,- հայտարարում է տղամարդը:
Նշենք, որ համացանցում տարածված նկարին թերահավատորեն են մոտեցել բլոգերները` նշելով, որ դա ֆոտոշոփի արդյունք է: «Ֆոտոշոփ է հենց միայն նրա համար, որ նրան 100500 մեքենաներ են ուղեկցում, ճանապարհներն են փակում, կարծում եմ նա իր շքախմբում կգտներ մեկին, ով իր համար համբուրգեր կբերեր»,-գրում է wlad347 բլոգերը: