ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երեկ Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, զրուցակիցները գոհունակությամբ փաստել և ողջունելի են համարել Հայաստանի տնտեսության մեջ ֆրանսիական ներդրումների աճը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական մակարդակով շարունակել աջակցել և խրախուսել ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին:
Կարևորվել է հատկապես էներգետիկ համակարգում, այդ թվում՝ Հայաստանի ատոմային նոր կայանի կառուցման աշխատանքներում մեծ փորձ ունեցող ֆրանսիական ընկերությունների ներգրավումը: Ֆրանսուա Ֆիյոնը նշել է, որ այդ նպատակով իր երկրի համապատասխան պաշտոնյաներից և ոլորտի մասնագետներից կազմված խումբ կգործուղվի Հայաստան՝ տեղում քննարկելու համագործակցության հեռանկարը:
Անդրադարձ է եղել ճանապարհաշինության բնագավառում, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման աշխատանքներում Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացմանն ու ֆրանսիական ընկերությունների ներգրավմանը: Ըստ Ֆիյոնի, համապատասխան մասնագիտական խմբեր կգործուղվեն Հայաստան նաև ճանապարհաշինության ու Հայաստանի երկաթգծերի ռազմավարական ուղղությունների զարգացմանը միտված ծրագրերի իրագործման հարցերը տեղում առավել հանգամանորեն քննարկելու նպատակով: