Հելսինկյան ասոցիացիան Epress.am-ին նոր մանրամասներ է ներկայացրել Խաչիկ Մկրտչյանի սպանության աղմկահարույց գործի հետ կապված: Հիշեցնենք, որ 2010 թվականի մայիսի 12-ին կատարված սպանսության մեջ քննության սկզբում մեղադրվում էր Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանի քրոջ որդին` Արսեն Ահարոնյանը, ապա գործում շրջադարձ է տեղի ունեցալ, որից հետո մեղադրանք է առաջադրվել Վռամ Բաղդասարյանին, ով չի ընդունում իր մեղքը:
«Փաստացի Վռամ Բաղդասարյանի մեղքը հիմնավորված չէ: Ուստի անհրաժեշտություն առաջացավ ԱԱԾ-ի տնօրենից պարզաբանում ստանալ, թե որ նյութերով է քրեական գործը հարուցված: Փաստացի, ըստ դատախազության, քրեական գործը հարուցվել է օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նյութերով, որոնք չկան: ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի գրության համաձայն, ԱԱԾ-ն ձեռք է բերել օպերտիվ տվյալներ, որով իբրև հիմնավորվել է, որ Խաչիկ Մկրտչյանի սպանության գործով խեղաթյուրվել են փաստական հանգամանքները: Այդ գրությունը ուղարկվել է Գլխավոր դատախազություն և դրա հիման վրա հարուցվել է նոր քրեական գործ, որով Վռամ Բաղդասարյանն ընդգրկվել է որպես մեղադրյալ, ում առաջադրվել է մեղադրանք սպանության համար:
Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2րդ մասի, 6-րդ և 10-րդ կետերով: Հիմա այդ գրության հետքերով սեպտեմբերի 19-ին Գորիկ Հակոբյանին հարցում եմ ուղարկել և պահանջել եմ ներկայացնել այն օպերատիվ տվյալների պատճենները, որոնցով հիմնավորվում է, որ Վռամ Բաղդասարյանն է սպանել Խաչիկ Մկրտչյանին: Սեպտեմբերի 28-ին թվագրված գրությամբ, որը ստացել եմ երեկ, Ազգային անվտանգությունից պատասխանում են, որ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նյութերը ուղարկվել են նախաքննություն իրականացնող մարմնին, բայց քրեական գործում որևէ փաստաթուղթ օպերատիվ տեղեկատվություն Ազգային անվտանգությունից չկա: Դեռ ավելին, եթե լիներ, դատախազ Փիլոյանը իր ճառում գոնե կնշեր, որ մեղքը հիմնավորվում է նաև ԱԱԾ այդ տվյալների հիման վրա»,- տեղեկացրել է Վռամ Բաղդասարյանի փաստաբան, Հելսինկյան Ասոցիացիայի անդամ Գայանե Խաչատրյանը:
Գործի վերաբերյալ Epress.am զրուցել է նաև Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, ով նշել է, որ Վռամ Բաղդասարյանին մեղադրելը եղել է պատվեր:
«Դա արվել է մի բանի համար, որպեսզի մի այլ պաշտոնյայի բարեկամի վրայից հանեն մեղադրանքը: Սրա մեջ խառնված են Գորիկ Հակոբյանը, Աղվան Հովսեփյանը, Հովիկ Շահինյանը: Իմ կարծիքով, քանի որ շոշափվել է նաև Սերժ Սարգսյանի անունը, ուրեմն նա էլ մեջը կա: Ես չեմ իմանում ինչքանով է իր ներգրավվածությունը գործի մեջ, բայց որ իքնը տեղյակ է` դա 100 տոկոսով: Ձերբակալվել է մեկ այլ պաշտոնյա Հովիկ Թամամյանը, որը երևի արդեն իրենց դուրը չէր գալիս, կամ ինչ-որ մի բան չի հասցրել իրենց»,- հավելել է Դանիելյանը: