«ATV» հեռուստաընկերությունը հրաժարվում է ցուցադրել «Նորաշեն-2007» կոոպերատիվի պատմության վերաբերյալ նկարահանված թոքշոուն: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանը:
Հիշեցնենք, որ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից խաբված որոշ բնակիչներ դիմել էին դատարան` իրենց գույքը հետ ստանալու պահանջով, դատական հայցեր էին ներկայացվել, մասնավորապես, ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու` Դավիթ Բեգլարյանի: Պարզվել էր, որ Բեգլարյանն այդ շենքից միանգամից 14 բնակարան է ձեռք բերել:
Թերթը նշում է, որ «Նորաշեն 2007» վերաբերյալ տեսագրության ընթացքում ներկայացված տվյալները հիմնականում Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու`Դավիթ Բեգլարյանի վերաբերյալ էին: Հաղորդումը եթեր չի գնացել: Հուլիսին և օգոստոսին «ATV» հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանը խոստանում էր, որ հաղորդումն անպայման եթեր կգնա, սակայն երեկ թերթի թղակիցը հարցազրույց է ունեցել նրա հետ, որի ընթացքում ռեժիսորը նշել է, որ տեխնիկական բռակ է եղել:
«ՀԺ»-ն նշում է, որ ավելի վաղ, երբ Քեշիշյանից հետաքրքրվել էին, թե ճի՞շտ է, որ Հերմինե Նաղդալյանը և նրա ամուսինը պահանջել են եթեր չհեռարձակել այդ հաղորդումը, նա պատասխանել էր. «Այդ տեղեկությունները սուտ են: Հաղորդումը պլանավորված է և պետք է գնա եթեր, երբ պիտի գնա`չեմ կարող ասել»: