ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը շարունակում է մնալ անպատիժ, ավելին, նրան դեռ մեղադրանք չի ներկայացվել` իր ղեկավարած գերատեսչությունում հայտնաբերած աղաղակող չարաշահումների և յուրացումների առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ըստ թերթի տեղեկությունների` այս ընթացքում ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը, որտեղ քննվում է Խաչիկյանի միլիոնների գործը ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացում) 308 (պաշտոնական դիրքի չարաշահում), 314 (պաշտոնական կեղծիք) հոդվածների շրջանակներում, մի շարք անձանց նկատմամբ արդեն մեղադրանք է առաջադրվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են այս տեղեկությունը` հավելելով, որ ներկա պահին մեղադրանք է առաջադրվել 8 հոգու: Չի բացառվում, որ առաջիկայում մեղադրյալների թիվն ավելանա` ընդգրկելով սոցծառայությունների տարածքային ղեկավարներին, քանի որ գործի նախաքննությունը շարունակվում է: Իսկ թե կոնկրետ ում նկատմամբ է մեղադրանք առաջադրվել, նախաքննության գաղտնիության շահերից ելնելով` թերթի հետ զրույցում վարչության պետ Աշոտ Ահարոնյանը չի հայտնել:
Հիշեցնենք, որ գործի շրջանակներում ՀՀ դատախազությունը պարզել է, որ ՀՀ պետական բյուջեից դուրս է գրվել և յուրացվել է առանձնապես խոշոր չափերի` 113 181 900 դրամ գումար, ինչի արդյունքում «պետությանը պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս»: