Այսօր` շաբաթ օրը, Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող սրճարանները և հասարակական զուգարանները դադարեցրել են աշխատանքը: Ավելին` ապամոտնաժվել է հրապարակին ամենամոտը գտնվող սրճարանի կախովի ծածկը, որի տակ անձրևից պատսպարվում էին շուրջօրյա հանրահավաքի մասնակիցները: Սրճարանների աշխատակիցները հրաժարվում են մեկնաբանություններից և առաջարկում բոլոր հարցերով դիմել տնօրինությանը:
Epress.am-ի թղթակցին, ով շրջել է «Ատլատիկ», «Ջազվե», «Շոկոլադնիցա» և «Մեղեդի» սրճարաններով, չի հաջողվել որևէ մեկից պաշտոնական մեկնաբանություն ստանալ: «Ջազվեում» միայնակ սպասարկողը բողոքեց «դրանցից, որ որոշել են հանրահավաք անցկացնել, երբ բոլորը հանգստանում են»: Իսկ «Մեղեդիի» հավաքարարն ասաց. «Շեֆերը վախենում են, որ հաճախորդները կմիանան բողոքողներին»:
Հանրահավաքի մասնակիցները, իրենց հերթին, դժգոհում են, որ մոտակա հասարակական զուգարան հասնելու համար պետք է բավական երկար քայլել: Նրանց պնդմամբ` ոստիկանները հրահանգել են փակել զուգարանները, մինչդեռ իրավապահ մարմինների ներկայացուցիչների մուտքն այնտեղ թույլատրված է:
Ըստ բողոքողների` դա իրենց թույլ է տալիս կռահել, թե սովորական քաղաքացիների հետ ձուլված մարդկանցից ովքեր են ուժայինների ներկայացուցիչներ: