2011 թ. սեպտեմբերի 30-ին` առավոտյան 09:30-11:00-ն, և հոկտեմբերի 1-ին` առավոտյան ժամը 10:00-13:00-ի սահմաններում, Վանաձոր-Երևան ուղևորափոխադրումները դադարեցված են եղել: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարություն-նամակի մեջ, որբ ուղղված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին:
«Վանաձոր-Երևան ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային տաքսիները, որոնք սովորաբար օրվա ցանկացած ժամի Վանաձորի ավտոկայանից իրականացնում են ուղևորափոխադրումներ, ավտոկայանում չկային: Վանաձոր-Երևան երթուղին սպասարկող կազմակերպության ոչ մի ներկայացուցիչ տեղում չի եղել և փաստացի Երևան մեկնող քաղաքացիներին որևէ կերպ բացատրություն չի տրվել, թե ինչու է դադարեցված դեպի Երևան ուղևորափոխադրումը: Ավելին, նախապես որևէ հայտարարություն չի տարածվել այն մասին, որ 2011 թ. սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին դեպի Երևան որոշակի ժամերի ուղևորափոխադրումը դադարեցվելու է:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցների և կազմակերպության Տաշիրի, Ստեփանավանի, Ալավերդու, Սպիտակի ներկայացուցիչների կողմից ուսումնասիրություն է իրականացվել նաեւ Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Ալավերդի քաղաքների ավտոկայաններում, ինչպես նաև Վանաձոր-Երևան ճանապարհներին, որի արդյունքում արձանագրվել է, որդեպի Երևան ուղևորափոխադրումներ չի իրականացվում նաև այդ քաղաքներից:
Ուսումնասիրությունների ընթացքում կազմակերպության աշխատակիցները ճանապարհային ոստիկանության մեքենաներ են նկատել Վանաձոր քաղաքի մուտքի մոտ, ինչպես նաև Վանաձոր-Երևան մայրուղու Ալագյազ համայնքից դեպի Արթիկ քաղաք տանող ճանապարհին:
Ոստիկանության Արագածի բաժնի պրոֆիլի ավագ տեսուչ Ա.Ենոքյանը նշել է, որ հասարակական կարգն են հսկում, դա իրենց տարածքն է և արտարոց ոչ մի բան չկա:
Կազմակերպության աշխատակիցների հարցին, թե ինչքան են պատրաստվում
հասարակական կարգը հսկել, Ա.Ենոքյանը նշել է. «Դե կասեն էլի, ծառայություն է»:
2011 թվականի հունվար-ապրիլ ամիսներին մամուլի կողմից տարածված տեղեկությունների համաձայն` դեպի Երևան ուղևորափոխադրումները դադարեցվել են այն բոլոր օրերին, երբ Հայ ազգային կոնգրեսը Երևանում կազմակերպել է հանրահավաք:
Այդ դեպքերում ևս որևէ հայտարարություն չի տարածվել, թե ինչու է դադարեցված ուղևորափոխադրումը, և փաստացի քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ բացատրություն չի տրվել:
Չնայած այն հանգամանքին, որ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակման փաստերը տարածվել են զանգվածային լրատվության միջոցների կողմից, իշխանությունները որևէ միջոցառում չեն ձեռնարկել ուղևորափոխադրումների նշված սահմանափակումները վերացնելու և նման սահմանափակումների դրսևորումները կանխարգելելու համար», – ասված է հայտարարության մեջ:
Ելնելով վերոգրյալից` հայտարարության հեղինակները պահանջում են նախարարից դադարեցնել Վանաձոր-Երևան, Ալավերդի-Երևան, Ստեփանավան-Երևան, Սպիտակ-Երևան, Տաշիր-Երևան երթուղիները սպասարկող կազմակերպությունների լիազորությունները: