Որպես «Դոկտոր մահ» հայտնի ամերիկահայ բժիշկ Ջեք Գևորգյանի հեղինակած կտավները, ձեռագիր գրությունները և անձնական իրերը հոկտեմբերի վերջին Նյու Յորքում հանվելու են աճուրդի։ Այդ մասին անցած շաբաթավերջին հայտնել են այս տարվա հունիսին մահացած բժշկի փաստաբանը և մտերիմ բարեկամը։
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում կատարելով Associated Press-ին, Գևորգյանի կտավների մեծ մասը վերաբերում է մահվանը։ Դրանցից մեկը վերնագրված է «Ցեղասպանություն» և պատկերում է արյունոտ գլուխ, որը մազերից բռնած պահում են երկու զինվորներ` համապատասխանաբար, Առաջին աշխարհամարտի տարիների թուրքական զինվորական համազգեստով և Երկրորդ աշխարհամարտի տարիների գերմանական զինվորական համազգեստով։
Փաստաբան Մեյեր Մորգանրոթի փոխանցմամբ` այդ կտավով Գևորգյանը ցանկացել է պատկերել երկու պատերազմների ժամանակ հայերի և հրեաների կոտորածները։
Դեթրոյթի պատկերասրահներից մեկի սեփականատեր Էնն Քաֆլերը վկայել է, որ «Ցեղասպանություն» կտավի շրջանակը ներկելիս «Դոկտոր մահը» օգտագործել էր սեփական արյունը։
Փաստաբան Մորգանրոթը հայտնել է, որ աճուրդի հասույթի մեծ մասը ուղղվելու է Գևորգյանի միակ ժառանգին` մի զարմուհու, ևքաղցկեղի դեմ պայքարող բարեգործական մի կազմակերպության։