Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած մոնիտորինգի արդյունքներով` ավտոբուսային երթուղիներում սպասարկումը հիմնականում գնահատվել է բավարար, առանձին երթուղիներում շարժակազմերի ոչ բավարար քանակի պատճառով շարժման միջակայքերը եղել են երկար. մասնավորապես 22, 32, 38 և 79 համարի ավտոբուսների դեպքում: Այս մասին այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Տրանսպորտի վարչության պետը:
Արձանագրվել են նաև թերություններ. առկա են շահագործման ժամկետներն անցած (հիմնականում «ՌԱՖ» և «ԵՐԱԶ» մակնիշների), տեխնիկապես անսարք միկրոավտոբուսները, որոնք աշխատում են գերծանրաբեռնված վիճակում։
Առավոտյան պիկ ժամերին փաստացի շահագործվող միկրոավտոբուսների քանակը չի բավարարում, ինչի հետևանքով էլ կանգառներում առաջանում են կուտակումներ: Առանձին շարժակազմերում գրանցվել է ոչ բավարար սանիտարական վիճակ, վարորդների կողմից ծխելու, ուղեսրահում երաժշտություն միացնելու, ընթացքի ժամանակ բջջային հեռախոսով խոսելու և այլ դեպքեր:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարճ ժամկետում միջոցներ ձեռնարկել մոնիտորինգի արդյունքում արձանագրված թերությունները վերացնելու և պատշաճ ուղևորափոխադրում ապահովելու ուղղությամբ` շեշտելով, որ հակառակ դեպքում երթուղիները շահագործող ընկերությունները կենթարկվեն պատասխանատվության:
Ելնելով մոնիտորինգի արդյունքներից` առաջարկվել է արագացնել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման աշխատանքները, ինչի հիման վրա կկազմակերպվեն նոր մրցույթներ։ Արդյունքում երթուղիների մի մասում կշահագործվեն մեծ տեղատարողության ավտոբուսներ, իսկ միկրոավտոբուսների մասով զգալիորեն կբարելավվի թե’ տեխնիկական, թե’ սպասարկման որակը։