Թուրքաբնակ հայերի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին վերաբերող նոր հետազոտությունը ապացուցում է, որ երկրի հայ քաղաքացիներն ավելի շատ իրենց իրավունքներն են պահանջում, քան հանդուրժողականություն:
«Խտրականության դեմ պայքարելիս, մեկ բան երբեք չպետք է կիրառվի, բայց որը մենք մշտապես լսում ենք, դա Օսմանյան կայսրության պատմության հանդեպ «հանդուրժողականության» դրսևորման հասկացությունն է և այն մոտեցումը, համաձայն որի տարբեր կրոններ և մշակույթներ դարեր շարունակ խաղաղությամբ ապրել են կողք կողքի այս հողի վրա»,- ասված է «Թուրքահայերի դիտանկյունը. խնդիրներ, պահանջներ, խնդիրների լուծման առաջարկներ» խորագրով զեկույցի մեջ, որը հեղինակել են Թուրքիայի Տնտեսության և հասարակական հետազոտությունների հիմնադրամի ակադեմիկոսներ Գյունայ Գյոկսու Օզդողանը և Հովհաննես Քիլիչդաղին:
Հեղինակները մեջբերում են Թուրքիայի Սահմանադրության 66 հոդվածը, որը փաստում է. «Թուրքիայի պետության հետ քաղաքացիության շղթաներով կապված յուրաքանչյուր ոք թուրք է»:
«Թուրքիայում բնակվող շատ քաղաքացիների համար, այդ թվում` հայերի, այս հոդվածը, և հատկապես «թուրք» բառը ընկալվում է որպես խտրականություն, որը դեմ է ինքնության և հավասարության մասին իրավական նորմերին», – ասված է զեկույցում:
170 էջանոց ուսումնասիրությունը պատրաստվել է թուրքաբնակ հայ ուսուցիչների, լրագրողների, հիմնադրամների ղեկավարների, ակադեմիկոսների, պրոֆեսորների հետ զրույցների, ինչպես նաև նրանց հետ քննարկումների հիման վրա:
Քիլիչդաղին նշում է, որ բոլոր մասնակիցները համաձայնել են, որ Թուրքիան դրական փոփոխություններ է ապրել վերջին 10 տարիներին ընթացքում, սակայն հավելել են, որ կառավարության նախաձեռնությունները մակերեսային բնույթ են կրում և հիմնականում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պոտենցիալ ընտրազանգվածի մեծացմանն են ուղղված, բացի դա, ողջ գործընթացը բացառապես կախված է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կամքից և նրա անձնական ցանկություններից:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ որոշ գործողություններ հաստատում են այս ընկալումը: Օրինակ, Թուրքիայի արևելյան Վան շրջանում գտնվող հայկական պատմական Աղթամար կղզու եկեղեցին չվերադարձվեց հայկական պատրիարքությանը, այլ ընդամենը բացվեց տարվա մեջ մեկ անգամ պաշտամունքի ծես անցկացնելու նպատակով: Այս առնչությամբ ծրագրի մասնակիցների խոսքով , Ազթամարի եկեղեցու մասին հատկանշական է հետևյալ դիտարկումը.
«Հայ համայնքը, որը խուսափել է երևալ թուրքական հասարակության մեջ և որը կղզիացած է եղել հանրապետության ողջ պատմության ընթացքում, խտրական քաղաքականության և վերաբերմունքի պատճառով, իր ձայնը սկսել է լսելի դարձնել 1990-ականների կեսերից և հավասար քաղաքացիության և հայ ինքնության նկատմամբ հարգանքի պահանջը ներկայացրել 2000 թվականից»:
Հետազոտության մասնակիցները նաև ասել են, որ մտահոգ են հայ հասկացության վերաբերյալ մոտեցմամբ, քանի որ «հայ» բառը օգտագործվում է որպես վիրավորանք:
«Երբ էլ որ հայը աչքի է ընկնում հասարակական տիրույթում, նա ընկալվում է որպես Թուրքիայի հայերի և անգամ ողջ աշխարհի հայերի հավաքական ներկայացուցիչն ու խոսնակը: Օրինակ եթե հեռուստատեսային բանավեճ հաղորդմանը հայտնվում է մեկ հայ, նա ընկալվում է որպես հայերի անունից խոսող անձ: Փաստացիորեն այս մոտեցումն առկա է որոշ առումով նաև թուրքահայերի մոտ, հետևաբար հայ անհատը չափազանց մեծ ուշադրություն է դարձնում այն ամենին, ինչ անում է կամ ասում է, որպեսզի որևէ «վատ երևույթ չանդրադառնա հայերի վրա»:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ «հայ» բառը ժամանակ առ ժամանակ օգտագործվում է որպես վիրավորանք պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների, կամ ել պարզապես ժողովրդի կողմից:
Հետազոտությունը ներառում է նաև առաջարկներ որոշ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրատվամիջոցների և համալսարանների համար: Նման առաջարկներից մեկը վերաբերում է «1915-ի հակամարտությանը»: Հետազոտության այս հատվածում ասված է. «Խնդիրը կայանում է այն մութ հակամարտությանը, ինչը հանգեցրեց հայերի զանգվածային ոչնչացմանը Օսմանյան կայսրության վերջին շրջանի օրոք: Շոշափելի քայլեր պետք է ձեռնարկվեն ոչ միայն փաստերը վերհանելու, այլև այդ դեպքերից վերականգնվելու և հատուցում ստանալու այն ամենի համար, ինչ պատահել է»:
Հետազոտության մեջ հետևյալ առաջարկները կան խորհրդարանի, քաղաքական կուսակցությունների և կառավարության համար.
Նոր սահմանադրությունը պետք է քաղաքացիության ավելի ընդգրկուն բնորոշում ունենա, որը հավասար հեռավորության վրա կգտնվի բոլոր էթնիկ խմբավորումներից:
Մշակութային ինքնության և տարբերությունների նկատմամբ հարգանքի ճանաչումը պետք է ընդունվի որպես սահմանադրական սկզբունք:
Հայկական դպրոցներին այլ ազգային փոքրամասնությունների դպրոցների հետ մեկտեղ պետք է հատուկ մշտական կարգավիճակ շնորհվի:
Նոր օրենսդրությունը պետք է համապատասխանի ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հռչակագրին, որպեսզի հայ երեխաները կարողանան կրթություն ստանալ մայրենի լեզվով:
Պատմության դասագրքերը պետք է զերծ լինեն ատելություն և թշնամանք պարունակող դասերից և հայերի նկատմամբ խտրական բովանդակությունից:
Ստամբուլի Հայ պատրիարքությանը պետք է օրինական կարգավիճակ շնորհվի:
Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները կյանքի կոչելը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը: