ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Արմեն Ջիգարխանյանն այսօր տոնում է իր 76-րդ տարեդարձը: Ծննդյան նախօրեին դերասանը հանդիպել է «ՌԻԱ Նովոստիի» նկարահանող խմբի հետ: Նա պատմել է, որ հատուկ տոնախմբության չի պատրաստվում:
«Այս օրն ինձ համար իմ ներքին խնդիրն է: Այն և ուրախության, և տխրության առիթ է, որովհետև արդեն փոքր տարիք չունեմ»,- խոստովանել է Ջիգարխանյանը:
Դերասանի խոսքով` ինքն ակտիվ աշխատում է, երիտասարդ դերասանների հետ նոր ներկայացման փորձեր անում: Ինչպես պատմել է Ջիգարխանյանը, իր համար դա վերադարձ է մասնագիտական ոլորտ:
«Ուզում եմ, որ հոկտեմբերին կայանալիք ներկայացման պրեմիերային հանդիսատես գա և գնահատի իմ աշխատանքը»,- խոստացել է դերասանը:
Ջիգարխանյանի խոսքով` ինքը կարծում է, որ իր լավագույն դերը դեռ չի խաղացել:
«Ես դեռ սպասում եմ, որ ինձ կկանչեն, իսկ ես կասեմ. «Ահա այն, հենց այս դերին էի ես ձգտում»»,-պարզաբանել է նա: