Ստոկհոլմում հայտարարվել են բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Հեղինակավոր մրցանակն ու 10 միլիոն շվեդական կրոնը (մոտ 1,4 միլիոն ԱՄՆ դոլար) դեկտեմբերի 10-ին կշնորհվեն երեք գիտնականների` բնածին իմունիտետի ակտիվացման վերաբերյալ հետազոտությունների անցկացման համար: Նոբելյան մրցանակի դափնեկիրներն են Բրյուս Բյոտլերը, Ժյուլ Հոֆմանը և Ռալֆ Շտեյնմանը:
Բնածին իմունիտետը դա օրգանիզմի` վնասակար միկրոօրգանիզմները ճանաչելու և վնասազերծելու ունակությունն է, անգամ այն դեպքում, երբ մինչ այդ նման օրգանիզմի հետ երբեք չի հարաբերվել: Այն էվոլյուցիոն առումով առավել հին համակարգ է, և առկա է բազմաբջիջ բոլոր կենդանիների և բույսերի մոտ:
Նոբելյան մրցանակի 2011 թվականի դափնեկիրները մի շարք հետազոտական աշխատանքներ են իրականացրել, որոնք օգնել են գիտնականներին հասկանալ, թե հատկապես ինչպես է տեղի ունենում բնածին իմունիտետի համակարգի «միացման» գործընթացը վարակակիր օրգանիզմների հետ հանդիպելիս, և ինչպես են այդ համակարգերը փոխազդում ձեռքբերված իմունիտետի առավել բարդ և կատարյալ ձևի հետ: