Ուսուցչի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը, «Օն Քլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնն ու ՀՀԿ կանանց խորհուրդը կին ուսուցիչների համար անվճար բուժհետազոտության ակցիա են կազմակերպել: Հոկտեմբերի 3-ից` 20 օր շարունակ, Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 200 ուսուցչուհիներ անվճար բուժզննում կանցնեն բժշկական կենտրոնի կանանց առողջության կաբինետներում:
«Դպրոցը նախևառաջ ուսուցիչն է և, ըստ այդմ, նրանց առողջությունն առաջնահերթ է յուրաքանչյուրիս համար: Այսպիսով մենք նաև հերթական անգամ հավաստում ու փաստում ենք մեր վերաբերմունքը մատաղ սերնդի դաստիարակման գործի նվիրյալների հանդեպ, ինչը, վստահ եմ, անչափ կարևոր է նրանց համար: Նմանատիպ ակցիաները կլինեն շարունակական»,- շեշտել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Այս ակցիայի շրջանակում բուժհետազոտումը ներառում է թերապևտի խորհրդատվություն, ուլտրաձայնային հետազոտում, ինչպես նաև որոշ լաբորատոր հոտազոտություններ:
Յուրաքանչյուր ուսուցչի տրվելու է բուժզննման տվյալներով Առողջության անհատական անձնագիր, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: