Քիշնևն ու Բաքուն կարգավորել են երկկողմանի հարաբերություններում առաջացած անճշտությունները, որոնք կապված են մոլդովական բանակի զինանոցից Հայաստանին 60 տոննա ժամկետնանց զինամթերք վաճառելու հետ, հայտարարել է մոլդովական վարչապետ Վլադ Ֆիլատը:
Երեքշաբթի Քիշնևում կայացած ճեպազրույցի ընթացքում նա ասել է, որ նախորդ շաբաթ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Վարշավայում «Արևելյան համագործակցության» շրջանակներում: «Մենք քննարկել ենք խնդիրները և պարզաբանել իրավիճակը»,- Ֆիլատի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Քիշնևի օդանավակայանում վայրէջք է կատարել լատվիական ԻԼ-76 ինքնաթիռը: Ինչպես ավելի ուշ հայտնի էր դարձել OMEGA գործակալության աղբյուրներին, գործարքն իրականացվել է լատվիական Latspetsexport-ի կողմից, թեև լատվիական իշխանությունները հերքում են իրենց երկրի ներսում գործող որևէ ընկերության կապն այս գործարքի հետ:
Այս առնչությամբ ելույթ ունեցած Մոլդովայի պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցան հայտարարել էր, որ 60 տոննա զենքի (որոնց թվում են եղել հակաօդային և հակատանկային համակարգեր) վաճառքի մասին պայմանագիրը «օգուտ» է բերել մոլդովական կողմին:
Իր հերթին, ազգային անվտանգության, պաշտպանության և հասարակական կարգի պահպանման հարցերով խորհրդարանական ասամբլեայի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոն հայտարարել է, որ ինքնաթիռը զինամթերքը Հայաստան է փոխադրել Մոլդովայի Հանրապետության և լատվիական ընկերության միջև պայմանագրի համաձայն, իսկ պայմանագիրն իրականացվել է մոլդովական սահմանադրությանը համապատասխան: Գործարքի փաստը, Ստոյանոգլոյի խոսքով, հաստատվել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ստորագրությամբ:
Հայաստանը, սակայն, հայտարարում է, որ չի գնել հնացած զինամթերք: «Հայաստանի զինված ուժերի կարիքների համար զինամթերքի ձեռքբերումն իրականացվում է հանրապետության օրենսդրության և համապատասխան միջազգային նորմերի և պարտավորությունների շրջանակներում»,- հայտարարել էր պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: