Երևան քաղաքի Բաղրամյան և Պռոշյան փողոցների մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել քաղաքապետարանին` պահանջելով շտապ կասեցնել իրենց տների հարևանությամբ իրականացվող շենքի կառուցապատումը և վերանայել նախկինում ընդունված որոշումը:
Բնակիչները նշում են, որ Բաղրամյան փողոցի 21ա հասցեում կառուցվող շենքը դեռևս 2009 թվականին մեծ աղմուկի առիթ էր դարձել, քանի որ այն ամբողջովին փակում էր բնակիչների տների լույսը:
Նամակում ասվում է, որ նախկին Երքաղխորհրդի նվագախմբի շենքի տարածքը Երևանի քաղաքապետի որոշմամբ տրամադրվել էր «Սոֆի Դևոյանի պարի և հոգու թատրոն» ընկերությանը: Այնուհետև, 2004 թվականին նշված հողամասը առուվաճառքի պայմանագրով ձեռք էր բերվել Արա Սուքիասյանս Սալմասի կողմից (ըստ նոր սեփականատիրոջ բառերի` մեկ հարկ Սոֆի Դևոյանին տրամադրելու պայմանով):
Արա Սուքիասյանս Սալմասի կողմից տրված հայտի հիման վրա տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք: Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի դրական եզրակացությունը` մշակված բնակելի տան նախագիծը համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի կողմից և տրվել շինարարության թույլտվություն, որում շինարարական աշխատանքներն իրականացնելու վերջնաժամկետ է սահմանված 24 ամիսը (ավարտվել է այս տարվա փետրվարի 27-ին):
Բնակիչների կողմից գրված բաց նամակում ասվում է, որ կառուցվող շենքը նախագծված է շինարարական նորմերին հակառակ` շենքի և կողքի առանձնատների միջև չի պահպանվում սպասարկման համար անհրաժեշտ տարածությունը, ստորգետնյա ավտոկայանի համար փորված հսկայական փոսը լուրջ վտանգ է ներկայացնում կողքի տան հիմքի կայունության համար, առանց հարևան բնակիչնեիր համաձայնության տեղափոխվել են գազի խողովակներն ու էլեկտրականության լարերը, և, ամենակարևորը, կառուցվող շենքի պատճառով հարևան տները այլևս չի թափանցում արևը: Հարևանների կողմից բարձրացված աղմուկից հետո Արա Սուքիասյանս Սալմասին պարտադրվել է կանգնեցնել առավելագույնը 3 հարկանի շենք, որի կառուցումը ավարտվել է մեկ տարի առաջ:
«Սակայն երեկ առավոտից շենքում կրկին բուռն շինարարություն է սկսվել. «մանսարդ» են կառուցում` փաստացի ևս մի հարկ: Շենքի սեփականատիրոջ որդի Արեգը հարևան բնակիչների հետ զրույցում անընդհատ հղում է կատարում քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությանը: Այնուհետև, համոզվելով, որ հարևանների տուն այլևս արև չի մտնի, ավելացնում է. «դե ի՞նչ արած, հո մենք տակ չենք տալու»»,-նամակում պատմում են բնակիչները: