Երկուշաբթի երեկոյան` 18:50-ին, մերձմոսկովյան իր առանձնատանը մահացել է ռուսաստանյան «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին փոխնախագահ, իրավաբան և գործար Վասիլի Ալեքսանյանը:
Սակայն, ինչպես գրում է Lifenews.ru-ն, նրան միգուցեև հնարավոր լիներ փրկել, եթե շտապօգնությունը ի սկզբանե վերակենդանացման բաժանմունքի բժիշկներին ուղարկեր:
Խնդիրը նրանում է, որ 38-ամյա Ալեքսանյանի ծնողները կարծել են, թե նա արդեն մահացած է, և խնդրել են պահակախմբին բժիշկ կանչել մահը արձանագրելու համար:
Տեղ հասնելով,սակայն, բժիշկները հայտնաբերել են, որ նա դեռ կենդանի է:
Այդուհանդերձ, մինչև երկրորդ փրկարար խմբի ժամանումը Ալեքսանյանն արդեն մահացել էր:
Հիշեցնենք, որ 2006 թվականի ապրիլի 6-ին Մոսկվայի շրջանային դատարանը դատախազությանը «ՅՈՒԿՕՍ»-ի փոխնախագահ Ալեքսանյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն էր տվել: Դատախազությունը նրան մեղավոր էր ճանաչել ՌԴ քրեական օրենսգրքի երկու հոդվածների համաձայն` փողերի լվացում և ուրիշի սեփականության յուրացում:
Սակայն նույն տարվա սեպտեմբերին Ալեքսանյանի մոտ ՁԻԱՀ էր ախտորոշվել: Բանտում Ալեքսանյանի առողջությունը վատթարացել էր: Նա գրեթե կուրացել էր, լյարդի քաղցկեղ և թոքախտ ձեռք բերել: Սակայն արդարադատությունը հրաժարվում էր նրան ազատ արձակել, ի հեճուկս Եվրամիության մարդու իրավունքների դատարանի 3 որոշումների: 2008-ին նրան ազատ արձակեցին 50 մլն ռուբլի գրավի դիմաց:
2010 թվականի հունիսի 24-ին դատախազությունը որոշեց դադարեցնել Ալեքսանյանի դեմ հարուցված քրեական գործը վաղեմության ժամկետի լրացման պատճառով:
Նշենք, որ Վասիլի Ալեքսանյանը ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, ԱՄՆ-ի Հարվարդի իրավունքի դպրոցը, ստացել իրավունքի մագիստրոսի աստիճան: 1996 թվականից աշխատում էր որպես «ՅՈՒԿՕՍ» ընկերության իրավունքի վարչության ղեկավար, իսկ 2006-ի ապրիլի 1-ին նշանակվել է ընկերության գործադիր փոխնախագահի պաշտոնում: