Home / Հայաստան / Երկխոսությունը կվերսկվի, եթե իշխանությունները խնդրեն. ՀԱԿ

Երկխոսությունը կվերսկվի, եթե իշխանությունները խնդրեն. ՀԱԿ

Սեպտեմբերի 30-ին սկսելով շուրջօրյա հանրահավաքները, Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարեց, որ այս լարված քաղաքական իրավիճակում պատրաստ է, շուրջօրյա հանրահավաքներին զուգընթաց, վերսկսել բանակցությունները իշխանությունների հետ: Ինչպես ասված է Կոնգրեսի` այսօր տարածած հայտարարության մեջ, նման քայլը թելադրված էր այն բանի գիտակցումով, որ երկխոսության ստեղծված ձևաչափով բանակցությունների վերսկսումը կարող է ծառայել որպես ժողովրդի բարձրացրած պահանջների իրագործման և ստեղծված քաղաքական հակամարտության անցնցում կարգավորման գործիք, թուլացնել առճակատման մթնոլորտը, և քաղաքական գործընթացները զերծ պահել երկրի կայունությունը խաթարելու վտանգից:

«Հոկտեմբերի 3-ին իշխանությունները տարածել են ընդդիմության հասցեին էժանագին խրատներով համեմված մի հայտարություն, որը բանակցությունների վերսկսումը պայմանավորում է շուրջօրյա հանրահավաքների ավարտով: Դնելով նման պայման` իշխանությունները ապացուցում են հավաքների ազատությունը մերժող իրենց հակադեմոկրատական բնույթը, ինչպես նաև փորձում են նենգափոխել օրինական իշխանության ձևավորման համար պայքարող ժողովրդի և ոչ-օրինակարգ իշխանության միջև հակամարտության էությունը մի քանի վրանի տեղադրման օրինականության շուրջ անհեթեթ վիճաբանությամբ: Նման պահվածքը նաև մատնում է իշխանության վախը Ազատության հրապարակում մեր կազնակերպած հանրահավաքների նկատմամբ», – ասված է հայտարարության մեջ:

«Պետական և քաղաքական մտածելակերպից զուրկ և գավառամիտ լինելը սրանով ապացուցող իշխանությունները այդպես էլ չհասկացան, որ հասարակության հետ իրենց հակամարտության հիմքում ընկած է չընտրված լինելու փաստը: Փոխանակ փորձեն համարժեք գնահատել այս հիմնահարցը և, ժողովրդի, ինչպես նաև նրան ներկայացնող ընդդիմության հետ բանակցելով, գտնել հենց այս խնդրի լուծման ուղիները, իշխանությունները այսօր կենտրոնացած են միայն մեկ խնդրի վրա. ամեն գնով ապահովել հանրահավաքի սակավամարդությունը: Այդ նպատակով նրանք, խախտելով Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը, աննախադեպ տրանսպորտային բլոկադա են հաստատել, այդ առումով հավասարվելով Թուրքիայի և Ադրբեջանի կառավարություններին:

Տոտալ բնույթ են ստացել նաեւ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից տարբեր տեսակի սպառնալիքներով կատարվող հոգեբանական ճնշման մեթոդները:

Հայ Ազգային Կոնգրեսը ներկա պահին այլեւս անիմաստ է համարում նման իշխանության հետ որեւէ երկխոսություն եւ մեր առջեւ դրված խմդիրների լուծումը այսուհետեւ տեսնում է միայն ժողովրդի մոբիլիզացիայի եւ մեր զանգվածային միջոցառումների ակտիվացման մեջ:

Ընթացիկ երկխոսությունը նախաձեռնվել էր Հայ Ազգային Կոնգրեսի կողմից, իսկ ընդհատված երկխոսության վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն իշխանությունների նախաձեռնությամբ, եթե նրանք համապատասխան խնդրանքով դիմեն մեզ: Այդ դիմումը մենք կքննարկենք և կորոշենք` ընդառաջել, թե ոչ նշված խնդրանքին»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ: