Հայաստանը նախընտրական մի ժամանակաշրջան է ապրում, երբ յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է իրացվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը:
«Քաղաքական իրավիճակը, որպես նախընտրական տարի, համարում եմ շատ դրական: Եթե այսպես շարունակվի կունենանք շատ լավ ընտրություններ», – ասել է նա:
ՀՀԿ-ականն անդրադարձ է կատարել նաև այն փաստին, որ Ազատության հրապարակի (որտեղ անցկացվում են ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքները) մոտակայքում փակում են բոլոր անվճար և վճարովի զուգարանները:
Նա նշել է, որ դեռևս երեկ իրեն այդ հարցադրումն արած լրագրողներին ասել է, որ զուգարանների համար կարելի է բաժանել «գարշոկներ»:
Նրա խոսքով` զուգարաններ աշխատեցնելը կամ փակելը մարդկանց ձեռնարկատիրական իրավունքն է:
«Եթե միտինգներ են անում, մարդիկ էլ չեն աշխատում, թող շարժական զուգարաններ բերեն: Վրաններ ո՞նց են բերում: Վաղը, մյուս օրը կասեն ճաշ բերեք», – ասել է Սահակյանը:
Epress.am-ը հարց է ուղղել ԱԺ պատգամավորին, թե ինչու են փակ ճանապարհները միջքաղաքային տրանսպորտի համար:
«Ես չգիտեմ` ինչի համար են ճանապարհները փակում: Ես դատապարտում եմ այդ երևույթը: Օրենքի շրջանակներում պետք է պատասխանատվության ենթարկել», – պատասխանել է Սահակյանը:
Անդրադառնալով ՀԱԿ-ի` արտահերթ ընտրությունների մասին պահանջին` նա նշել է, որ «արտահերթ ընտրություններ որպես գաղափարախոսություն չկա»:
ՀՀԿ-ականը նաև ասել է, որ եթե իրեն հարցնեին, ապա «մի օր էլ չէր թողնի» հանրահավաքն անցկացվեր Ազատության հրապարակում:
«Ոստիկանությունը ոչ թե պիտի ցրի, այլ իր լիազորություններով հանդես գա: Ցրելը ո՞րն է, սերմ է, ինչ է», – հայտարարել է Սահակյանը: