Սիրիայի ուժայինները զանգվածային ձերբակալություններ են իրականացրել ժամանակավորապես ապստամբների վերահսկողության տակ անցած Ռաստան քաղաքում` շուրջ 3000 մարդ կալանավորելով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Ընդդիմության ներկայացուցիչը հաղորդել է, որ ձերբակալվածներին պահում են ցեմենտի գործարանի տարածքում, ինչպես նաև ուսումնական և սպորտային հաստատություններում:
Հոկտեմբերի 2-ին իշխանական զորքերը գրավել են Ռաստանը: Մինչ այդ քաղաքը մի քանի շաբաթ շարունակ գտնվում էր ապստամբների վերահսկողության տակ: Զոհերի և տուժածների մասին պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն ընդդիմությունը հայտարարում է տասնյակ սպանվածների մասին: Ռաստանի գրավմանը նախորդել են շուրջկալի մի քանի օրեր, որոնց ընթացքում նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները ռմբակոծում էին քաղաքը ծանր հրետանու միջոցով: Ռաստանում անջատվել էր էլեկտրականությունը և ջրամատակարարումը:
Հիշեցնենք, որ Բաշար Ասադի ռեժիմի դեմ բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են 2011-ի մարտի վերջին: ՄԱԿ-ի տեղեկությունների համաձայն, հակակառավարական ակցիաների 6 ամիսների ընթացքում փողոցային բախումների հետևանքով զոհվել են ավելի քան 3000 սիրիացիներ: