Հոկտեմբերի 4ի ժամը 15.00-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում իրականացվող փրկարարական աշխատանքներում, Լոռվա և Տավուշի մարզի փրկարարներից բացի, ներգրավված են նաև Արագածոտնի և Գեղարքունիքի մարզի փրկարարները, ինչպես նաև Ախթալայի լեռնափրակարարական ջոկատից 5 լեռնափրկարար:
Ընդհանուր առմամբ` սողանքի գոտում աշխատում է 65 փրկարար:
Դեպքի վայրում է գտնվում նաև ԱԻՆ կապի շարժական լաբորատորիան, տեղում հերթապահում է շտապօգնության մեկ բրիգադ, հասարակական կարգի պահպանությանը հետևում է ճանապարհային ոստիկանության 2 մեքենա և 15 ոստիկան:
Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է նաև Այրումի երկաթգծի կայարանի անձնակազմից 15 մարդ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի և բեռնատարողության 35 ավտոմեքենա:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կաոավարման կենտրոնը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով: