Լևոն Տեր-Պետրոսյանի 2007-ին ձևավորած շարժումը աննախադեպ էր վերջին 15-18 տարիների համար, և դրա աննախադեպությունը կայանում է նրանում, որ հաջողվել էր ժողովրդի տարբեր շերտերի, տարբեր ներկայացուցիչների համախմբել մեկ գաղափարի շուրջ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ կայացած համաժողովրդական քաղաքացիական ֆորումի ժամանակ հայտարարել է ֆորումի մասնակից, «Սարդարապատ» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
«Այս պահին մենք ընտրանու որակական փոփոխության շեմին ենք կանգնած: Ես չեմ ուզում ասել, որ ես եմ այդ տիպարը, այլ ես ասում եմ, որ խնդիրը մենք պետք է դնենք, և փոփոխությունը պետք է լինի երիտասարդության միջոցով, երիտասարդությունը պետք է գա, ավագ սերնդին փոխարինի: Հոժարապես իրենց օգնությունը փոխանցեն երիտասարդ սերնդին»,- ասել է Սեֆիլյանը: Նա նաև նշել է, որ իրենց համախմբումը չկայացավ, քանի որ իրենք ցանկանում էին ժողովրդավարական սկզբունքների հիման վրա կոլեկտիվ ղեկավար մարմին ձևավորել, ինչն այսօր, Սեֆիլյանի խոսքով, չստացվեց: «Պետք է նոր բեմահարթակ ձևավորվի, ավելի մաքուր բեմահարթակ, այսօրվա բերամահարթակով, ի հարգանքս բոլոր անհատների, մեզ հնարավոր չէ մոբիլիզացնել հայությանը»,- ասել է Սեֆիլյանը:
Ֆորումի ժամանակ խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը, որ նշել է, որ այսօրվա իրավիճակում չեզոքություն հնարավոր չէ, որովհետև ցանկացած չեզոքոթյուն անուղղակի քվեարկություն է` հօգուտ ավազակապետության: Նրա խոսքով` եթե որևէ մեկը դժգոհ է ավազակապետությունից և «չի գալիս ավազակապետությանը ասում` դու հեռացիր», չի գալիս հրապարակում կանգնի, անուղղակի քվերակում է այդ ավազակապետության օգտին:
«Եթե Ժիրայր Սեֆիլյանը ավազակապետության թշնամին է, ուրեմն Սեֆիլյանը իմ բարեկամն է, և եթե մենք այս տրամաբանությամբ չպետք է առաջնորվենք, ես այդտեղ խնդիր եմ տեսնում: Խնդիրը հետևյալն է` մենք խոսում ենք հարթակի մասին: Ես այսօր այդ հարթակի վրա եմ, ես ոչ թե եկել եմ, այդ մարդկանց կողքն եմ կանգնել, այլ եկել եմ, այդ տեղում եմ կանգնել: Ես եկել եմ, խրամատում եմ կանգնել, իսկ խրամատում կարևորն այն է, որ ինքը կրակում է հակառակորդի ուղղությամբ: Թե ինքն ինչ կոշիկներ ունի հագին, ինձ համար էական չի, կարևորը խրամատում ենք: Կա օրակարգ, և այդ օրակարգի թիվ մեկ հարցը հետևյալն է` Սերժ Սարգսյանը պետք ա ռադը քաշի: Ով ա գալիս հանուն այդ գաղափարի կանգնի գիշեր-ցերեկ Ազատության հրապարկում: Ժիրայր, ես քնում եմ Ազատության հրապարակում, արի դու էլ քնի: Երբ որ Սերժի ճամբարից են մեր խրամատներ ականներ ընկնում, ես դա հասկանում եմ, բայց որ ձեր ճամբարից են ականներ ընկնում, ես դա չեմ հասկանում», – ասել է Փաշինյանը:
Նշենք, որ Ազատության հրապարակից հեռանալուց առաջ Սեֆիլյանը հայտարարել է, որ վաղը մասնակցելու է հանրահավաքին, սակայն նստացույցին միանալ չի պատրաստվում:
«Ոչ, ես ինչ ունեի ասելու, ասել եմ այսօրվա ասուլիսին», – Epress.am-ի թղթակցին ասել է Սեֆիլյանը: