Հոկտեմբերի 3-ին, ժամը 11.55-ին Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ սև գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով իրենց մոտ են տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդու դիակ` հոնքերի հատման մասում կտրած վնասվածքի հետքերով (ավտոմեքենայի վարորդը մեքենան թողել էր հիվանդանոցի բակում և հեռացել):
Պարզվել է, որ հիվանդանոց է տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ, 1974 թ. ծնված Հայկ Հովակիմյանի դիակը:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 10.00-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում, Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի մոտակայքում 24-ամյա Հրանտ Ալոյանը վիճաբանել է Հովակիմյանի հետ, ձեռքերով հարվածներ հասցրել նրան, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` ձեռնարկվում են միջոցառումներ Հրանտ Ալոյանին հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: