Home / Հայաստան / Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել հոկտեմբերի 8-ի հանրահավաքը (թարմացված)

Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել հոկտեմբերի 8-ի հանրահավաքը (թարմացված)

20:54 Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել հոկտեմբերի 8-ի հանրահավաքը: Լևոն Զուրաբյանը հավելեց, որ դա նշանակում է, որ ընդդիմության շուրջօրյա հանրահավաքները երկարում են ևս մեկ օրով:

20:39 Տեր-Պետրոսյան. Այսօրվա Հայաստանի արտագաղթի պատճառները. Օբյետկիվ պատճառ է շրջափակումը: Ծով չունենք և, ծովից բացի, երկաթուղի չունենք: Դա նավթին, գազին հավասար առավելություն էր: Սրանից մենք զրկված ենք: Կան պատճառներ, որոնք սրանց հետ կապված չեն: Կախված են մարդկանց սրիկայության, տականքության աստիճանից: Այսպիսի թալան, որ այսօրվա իշխանություններն են անում, տո ո’չ մոնղոլներն են արել, ո’չ էլ թուրքերը: Հաջորդ պատճառը դա օրինականության բացարձակ բացակայությունն է: Բոլորը գիտեն` ընկար դատարանի, ոստիկանության ձեռքը` վերջացած ես: Չի կարող որևէ արդար մարդ կարողանալ Հայաստանի դատարանում պաշտպանել իր իրավունքը: Բա էսպիսի երկրից ոնց չփախչի ժողովուրդը: Եվ եթե մեզ ձեզ հետ միասին չհաջողվի ազատվել այս սրիկաներկից, այս տականքներից, այս ավազակներից (մարդիկ վանկարկում են` Լևոն, Լևոն): Դե լավ ,մնացածը դուք ասացիք, էլ ասելու բան չկա:

 

20:23 Տեր-Պետրոսյանն ազգապահպանության հարթության մասին. Մեր ազգն իսկապես ազգային աղետի առջև է կանգած: Եթե այդպես շարունակվի, արտագաղթը շարունակվի, կլինենք Լյուքսեմբուրգ օվկիանոսի կենտրոնում: Կլինենք մեկուկես միլիոնանոց պետություն: Չեմ ուզում ցեղասպանություն ասել, բայց ուրիշ բառ դժվար է գտնել: 

20:20 Տեր-Պետրոսյան. Շատերը հարցնում են, թե ինչու այսօրվա հանրահավաքների թափն այն չէ, ինչ 2008-ին: Ինչու եք զարմանում, այն ժամանակի հանրահավաքի մասնակիցների ուղիղ կեսը արդեն Հայաստանում չէ: Հայաստանի իշխանությունները խրախուսում են արտագաղթը:

20:18 Տեր-Պետրոսյան. Կոմիտասին, Արամ Խաչատրանին փոխարինել են թյուրքական մուղամները: Ցավալի է, բայց այդպես է:

20:16 Տեր-Պետրոսյան. Գենոֆոնդային հարթության մասին. Արտագաղթում են հիմնականում ինտելեկտուալները, ուղեղները: Արտագաղթում են ազգի սոցիալապես ակտիվ  բնակիչները` լավագույն գյուղացիները, շինարարները: Գնում են ռիսկի պատրաստ մարդիկ, որոնք չեն վախենում օտարության դժվարություններից: Գնում են մերկ ձեռքերով` վստահ լինելով իրենց ուժերի վրա: Ռիսկի չդիմողը շատ դժվար է տեղից շարժվում: Ես սա ասում եմ, որպեսզի պարզ դառնա, թե ինչ որակներ ենք մենք կորցնում:
20:11  Տեր-Պետրոսյան. Առաջին սերունդը լուծում է սնունդ հայթայթելու, բնակվելու, տվյալ վայրում հարմարվելու խնդիր: Երկրորդ սերնդի խնդիրը մեկն է, որքան հնարավոր է արագ ձուլվել և նմանվել այն բնակչությանը,  որտեղ ապրում են: Երրորդ սերունդը, կարծես, խնդիրներ, բարդույթներ չունի, բայց նրանք արդեն հայ չեն:

20:06 Տեր-Պետրոսյան. Արտագաղթի էմոցիոնալ հարությունն իր մեջ երկու ողբերգություն է պարունակում: Մեկը` Հայաստանից կտրվելու ողբերգությունը, մյուսը` օտար միջավայրում հայտնվելու ողբերգությունը:

20:05 Տեր-Պետրոսյան. Իմ նպատակն ավելի շատ այս երևույթի տեսական հիմքերի բացահայտումն է:

19:59 Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացնում է խնդիրը պատմական կտրվածքով:

19:37 Լևոն Տեր-Պետրոսյան. Այսօր ես խոսելու եմ մի թեմայի մասին, որը ձեզ կարող է ակադեմիական թվալ, բայց, կարծում եմ, դա ձեզ կօգնի ավելի խորը հասկանալ այսօրվա Հայաստանի գլխավոր խնդիրը, որից կախված է մեր ազգի գոյության ապագան: Դա ՀՀ դեմոգրաֆիկ խնդիրն է և արտագաղթը:

19:27 Արամ Մանուկյանը դիմում է իշխանություններին և ոստիկանությանը. Մենք խոստանում ենք սրճարաններում հաց չուտել, թեյ չխմել, բացեք էդ սրճարանները: Մարդկանց տուն պահելու իրավունքից մի զրկեք: Ինչ մեղավոր է այդ մատուցողը, հավաքարարը: Մարդկանց գործից մի զրկեք:

19:22 Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացնում է հանրահավաքի մասնակիցներին, որ այսօր հայց է ներկայացվել վարչական դատարան, որով ՀԱԿ-ը պահանջում է պարտավորեցնել ոստիկաններին զերծ մնալ բարձրախոսով հանրահավաքներն անօրինական հայտարարելուց:

19:12 Թալինից, Աշտարակից, Ապարանից երթով մարդիկ մտնում են Ազատության հրապարակ: Նրանք հայտարարում են, որ երեք օր սպասել են, որ ճանապարհները բացվեն, և դրանից հետո ոտքով եկել են Ազատության հրապարակ:

18:57 Նիկոլ Փաշինյան. Մեր քաղաքական պայքարը զուրկ է անորոշությունից և ունի հստակ նպատակներ, որոնցից կարևորագույնը` Սերժ Սարգսյանի հրաժարականն է կամ իմպիչմենտն է:

18:48 Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանեց Ազատության հրապարակ:

18: 15 Րոպեներ անց Ազատության հրապարակում կմեկնարկի Հայ Ազգային Կոնգրեսի հերթական հանրավաքի ելույթների հատվածը: Հիշեցնենք, որ հանրահավաքների շարքի մասին հայտարարվել է նախորդ ուրբաթ` սեպտեմբերի 30-ին: