Հոկտեմբերի 4-ին, մինչ Հայ Ազգային Կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքի ելույթների հատվածի մեկնարկը, Ազատության հրապարակում տեղակայված վրաններից մեկի` Աջափնյակի վրանի մոտ են հայտնվել երկու անվտանգության ծառայության աշխատակիցներ, ովքեր ցանկացել են տեղահանել վրանը:
Նրանց մոտեցել է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը և պահանջել հեռանալ տարածքից:
Epress.am-ի հետ զրույցում Մուսինյանը ասել է, որ նախ նրանք ներկայացել են որպես ազգային անվտանգության աշխատակիցներ, սակայն չեն նշել իրենց անունները, որից հետո խոսնակը, հղում անելով ՀՀ օրենքին, հայտարարել է, որ նրանք պարտավոր են համազգաեստ կրել, եթե ծառայություն են իրականացնում:
«Նրանք ասացին, որ պարզապես եկել են մասնակցելու հանրահավաքին, իսկ այդ դեպքում ես նրանց ասացի, որ եթե մասնակցում են, ապա պետք է հետևեն Կոնգրեսի կողմից նշանակված կարգադրիչների հրահանգներին և հեռանան», – նշել է Մուսինյանը:
Մի փոքր անց երկու անձիք հեռացել են Ազատության հրապարակից:
Ավելի ուշ Epress.am-ը տեղեկացել է հանրահավաքի մասնակիցներից, որ երկու անձանցից մեկը եղել է Աջափնյակ համայնքի քրեականի պետը: