Այսօր ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն Epress.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի այն գնահատականին, թե ՀԱԿ-ի սկսած գործընթացը քաղաքական կեղտոտ խաղ է, որի սցենարի հեղինակն է Սերժ Սարգսյանը, սցենարն էլ ընդունել է Լևոն Տեր-Պետրոսյանը, պատասխանել է. «Թող պարոն Սեֆիլյանը Ազատության հրապարակի հարթակից կանգնի ու ժողովրդի աչքի առաջ ասի: Եթե ինչ-որ մեկը կողքից աղբ է նետում, ես նման մարդու ասելու որևէ բան չունեմ: Եթե համարձակ ու դուխով են, թող գան ու ասեն, ինձ միայն հետաքրքրում է էստեղ հավաքված մարդկանց նպատակը` ունենալ ազատ անկախ Հայաստան;
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, իր հերթին, նշել է, որ չի հետևել, թե ով ինչ է խոսում:
«Եթե նման բան են ասել, թող մնա իրենց խղճին, քանզի միայն անբարոյական մարդիկ կարող են այսօր չտեսնել, որ գնում է կենաց մահու կռիվ: Այստեղ հավաքված ժողովուրդն ամեն րոպե իշխանության կողմից ենթարկվում է տարբեր տեսակի ճնշումների, և եթե որևէ կարծիք է հայտնվում, դա ուղղակի վիրավորանք է պայքարի դուրս ելած մարդկանց նկատմամբ», – ասել է Զուրաբյանը: