Երեկ ԱԺ-ում սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել ՀՀԿ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը`նկատելով, որ դատական համակարգն այսօր դարձել է ամենաշահավետ բիզնեսը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Մելիքյանն ասել է, որ ԱԺ նախագահին առաջարկել է իր աշխատավարձն այսուհետ ուղղել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որպեսզի ինչ-որ չափով բավարարվի նրա ախորժակը:
«Համակարգային բարեփոխումները, կաշառակերության և կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես փորձը ցույց տվեց, կոչված էին այդ երևույթները նվազեցնելու միայն ցածր ու միջին օղակներում: Այսօր դատական համակարգի բոլոր կոռուպցիոն լծակները կենտրոնացել են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի և Քրեական գործերով պալատի նախագահ Գագիկ Հարությունյանի ձեռքը (Գագիկ Հարությունյանն իրականում ՍԴ նախագահն է, իսկ Քրեական գործերով պալատի նախագահը Դավիթ Ավետիսյանն է): Նրանց անձնական շահադիտությամբ և կոնկրետ հրահանգով են կայացվում դատական վճիռների մեծ մասը: Այդպիսով, դատավորների մեծ մասը զրկված է որևէ ինքնուրույն, արդար վճիռ կայացնելու իրավունքից, իսկ չենթարկվողները պարզապես հեռացվում են աշխատանքից»,-ասել է նա:
Ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների` Սպարտակ Մելիքյանի վրդովմունքն առաջացել է հետևյալ պատճառով. 2011 թ. օգոստոսին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, կիրառելով համաներում, ազատ է արձակել 3 տարվա ազատազրկման դատապարտված անչափահաս Վահե Հակոբյանին: Նա 2011 թ. փետրվարի 24-ին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի խաչմերուկում ստեղծել է վթարային իրադրություն և բախվելով երկու մեքենաների`կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելով գործով տուժող Սեյրան Մելիքյանին, որը և նույն օրը մահացել է: Սեյրան Մելիքյանը Սպարտակ Մելիքյանի հայրն է: իսկ Սպարտակ Մելիքյանին կատաղեցրել է ոչ միայն անչափահաս երիտասարդին համաներմամբ ազատ արձակելու` դատարանի որոշումը, այլ այն, որ դատարանը մասամբ է բավարարել իր ներկայացուցչի միջնորդությունը`երիտասարդից հօգուտ իրեն վեց հարյուր միլիոն ՀՀ դրամ բռնագանձելու մասին: Մելիքյանի ներկայացուցիչը այդ գումարի պահանջը պատճառաբանել է այսպես. 50 մլն. դրամը`որպես հիվանդանոցային ծախսի, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային պատճառված վնասի, թաղման արարողության, հոգեհացի և գերեզմանատան ծախսերի, իսկ 550 մլն. դրամը` որպես բարոյական վնասի փոխհատուցում: Ս. Մելիքյանը որոշումը բողոքարկել է, և ներկայումս գործը գտնվում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում:
Թերթը հիշեցնում է, որ մի քանի ամիս առաջ էլ Մելիքյանը հայտարարել էր , թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն է կաշառակեր, քանի որ Անանիա Շիրակացի համալսարանի ստուգումների ժամանակ 4000 դոլար կաշառք է պահանջել: Հայտարարությունն այդպես էլ անհետևանք մնաց, իսկ Մելիքյանը հրաժարվեց այդ թեմայով դատարան դիմել: