Աշխատանքի որոնման ռուսաստանյան մի շարք գործակալություններ հարցումներ են անցկացրել` պարզելու համար, թե ինչպիսի հանգամանքներ են դրական կամ բացասական կերպով ազդում աշխատանքային կոլեկտիվի կայացման վրա և արդյոք կան գործոններ, որոնցից պետք է խուսափել աշխատավայրում:
Հարցումները ցույց են տվել, որ, օրինակ, տարիքային տարբերությունը կոլեկտիվում չի հանգեցնում կոնֆլիկտների: Հարցվածների ընդամենը 11%-ն է կարծում, որ գործընկերների տարիքային տարբերությունը կարող է ազդել հարաբերությունների վրա: Ուշագրավ է, որ այն կոլեկտիվներում, որտեղ միջին տարիքը 40-նն է, կոնֆլիկտներ շատ ավելի հաճախ են պատահում, քան երիտասարդ աշխատանքային խմբում, որտեղ միջին տարիքը 30-նն է:
Երիտասարդներին առավել նյարդայնացնում են ավագ գործընկերների նկատողությունները (52%), որոշում կայացնելու գործում նրանց մոտ ճկունության բացակայությունը (49%), հնացած մեթոդների օգտագործումը (43%):
Միաժամանակ նրանք գնահատում են ավագ սերնդին մեծ փորձի (61%), կրթվածության բարձր մակարդակի և կոմպետենտության համար (40%):
Հասուն տարիքի աշխատողները նշել են, որ հեշտությամբ են աշխատում երիտասարդների հետ, քանի որ նրանք ավելի ստեղծագործ են (26%), ավելի նախաձեռնող (26%), և ավելի աշխատունակ (28%): Իսկ չեն սիրում երիտասարդ գործընկերներին անփորձության (47%), ոչ կոմպետենտ լինելու (31%) և անսկզբունքայնության համար (31%):
Հարցումները ցույց են տվել, որ աշխատանքի որակի և կոլեկտիվում հարաբերությունների վրա ազդում է նաև էմոցիաները վերահսկելու կարողությունը, քանի որ բացասական ապրումները խանգարում են աշխատելուն, իսկ դրականները, ընդհակառակը, օգնում: Իրենց զգացմունքները վերահսկել կարողանում են, սակայն, հարցվածների ընդամենը 23,7%-ը:
Իհարկե, կան մարդիկ, որոնք կարող են իրենց թույլ տալ ազատ արտահայտել իրենց զգացումները, և դա ոչ մի կերպ չի ազդում իրենց աշխատանքի որակի վրա: Իհարկե, այդպիսի մարդիկ շատ քիչ են` 10,8 %:
Աշխատանքային կոլեկտիվում շատ կարևոր է նաև ընկերական հարաբերություններ ստեղծելու կամ դրանից հեռու մնալու հարցը: Եվ թեև հոգեբանները խորհուրդ են տալիս լավ հարաբերություններ ունենալ գործընկերների հետ, նրանք միաժամանակ նշում են, որ հարկ է հստակ որոշել այդ հարաբերությունների սահմանները: