Home / Հայաստան / «Գրպանելո՞ւ են». Արեշցիները բողոքում են ավագանու անդամներից

«Գրպանելո՞ւ են». Արեշցիները բողոքում են ավագանու անդամներից

Նոր Արեշ 35 փողոցի 125/1 հանրակացարանային տիպի շենքը յուրաքանչյուր օր կարող է փլուզվել, սակայն Երևանի քաղաքապետարանը հատկացումներ է արել մեկ այլ շենքի:Երեկ քաղաքապետարանի շենքի առջև էին հավաքվել մի քանի տասնյակ բնակիչներ, ովքեր պետք է հանդիպեին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի հետ և ներկայացնեին իրենց բողոքը:

Epress.am-ի հետ զրույցում Նոր Արեշի համատիրության անդամ Ագնեսա Նազարյանը ներկայացրել է իրենց բնակիչների խնդիրները.

«Մեր շենքը վթարային է, և մեզ պետք է հատկացումներ արվեին, սակայն հատկացումներն արվել են այլ շենքին: Եղել ա մախինացի ու կաշառակերություն: Մենք եկել ենք մեր հասանելիքը պահանջենք: Մեր շենքը հանրակացարանային տիպի շենք ա, որը 4-րդ կարգի վթարային շենք է: Ավագանու նիստոմ մոտ երկու ամիս առաջ հատկացում է արվել մեզ, Սիսակյանին ու Արցախին, սակայն հատկացումները տվել են բոլորովին ուրիշ շենքերին, որոնք նույնիսկ ավագանին չի հաստատել: Մի քիչ փող են տվել, հատկացումներն իրենց են տվել, էդ շենքի բնակիչները Շինարարների փողոցում են: Մենք գիտենք, որ գումարներ ա գնացել էնտեղ: Մենք հակված ենք մտածել, որ այս մասին Կարեն Կարապետյանը տեղյակ չի, եկել ենք տեղեկացնելու: Եթե մեր հարցը ստեղ չլուծվի, գնալու ենք կառավարություն էլ, նախագահական էլ: Մեր 8 հարկանի շենքը իրոք փլվում ա, ճռռալով փլվում ա, մոտ 540 բնակիչ կա, որ փլվեց, ոչ մեկը չի փրկվի: Կոնկրետ մենք կասկածում ենք ավագանու անդամ, ՀՀԿ-ական Զավեն Հակոբյանին և Ամյան Արսենին, որովհետև իրենք են էդ հատկացումներն արել: Մենք զանգեցինք Հակոբյանին, ասեց, որ բեկանման ենթակա չի, այսինքն՝ որ տվել ենք, տվել ենք, լավ ենք արել:

Նա նշել է, որ իրենց շատ են օգնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու անդամները»:

Մեր զրուցակիցը մի փաստաթուղթ է ցույց տվել, որի վրա նշված էին, թե ում է արվել հատկացումները, և նշել է, որ նրանցից շատերը պետռեգիստրում վաղուց չկան, Հայաստանում չեն:

«Բա ո՞ւմ են հատկացնելու, գրպանելու են: Իսկ էն մարդիկ, ովքեր ստացել են էդ հատկացումները, իրանց մենակ դրսի դռները 2000-3000 դոլար արժեն, իսկ մենք մեր դռները զգույշ ենք բացում-փակում, որ հանկարծ չփլվի շենքը, ամեն օր շենքը նստում ա»,- հավելել է նա:

Այսօր մեզ հետ հեռախոսազրույցում Ագնեսա Նազարյանը տեղեկացրել է, որ երկուշաբթի օրը հանդիպում է նշանակված:«Մեզանից ժամանակ խնդրեցին, որ պարզաբանում տան և փաստարկեն, թե ինչու մեզ չի հատկացվել, այլ ուրիշ շենքերի: Մենք հանդիպելու ենք աշխատակազմի ղեկավարի հետ, և Ամյան Արսենն ու Զավեն Հակոբյանը պետք է մեզ պարզաբանում տան»,- նշել է մեր զրուցակիցը: