Ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, որը վրաց իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և ներկայումս պահվում է Վրաստանի Ռուսթավի համար 6 խիստ ռեժիմի բանտում, հեռախոսով տեղեկացրել է «Երկիր» միությանը, որ հոկտեմբերի 5-ին անժամկետ հացադուլ է սկսել:
Վահագն Չախալյանը դիմել է հացադուլի ի նշան բողոքի իր նկատմամբ սահմանված անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող բանտային պայմանների դեմ: Նա պահանջում է դադարեցնել անօրինական ճնշումները և բարելավել բանտային պայմանները:
Վահագն Չախալյանը նաև տեղեկացրել է, որ հակառակ իր պահանջների բանտի ադմինիստրացիան հրաժարվում է գրանցել հացադուլի փաստը:
Դեռևս սեպտեմբերի 14-ին Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր, որ վերջին շրջանում վրացական իշխանությունները ուժեղացրել են ջավախքահայ գործչի նկատմամբ բանտային ճնշումները, այդ թվում նաև բանտային պայմանների էական խստացման միջոցով: