Վերջերս վնասազերծված ավազակային բանդան իրականում կատարել է միայն երկու՝ Աժ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի և Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի առանձնատների կողոպուտները, թեև նրանցից գողացված իրերն էլ մինչ օրս գտնված չեն: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը` հղում կատարելով իր իրազեկ աղբյուրներին:
Ըստ թերթի` մնացած հարձակումները բանդային վերագրվել են դեռ խորհրդային ժամանակներից եկած ավանդույթով, երբ բռնված հանցագործի վրա փորձում էին բարդել նմանատիպ բոլոր հանցագործությունները: «ժողովուրդ»-ն այս տեղեկությունը երկար ժամանակ չէր հրապարակում` հաշվի առնելով իրավապահների խնդրանքները, որ պետք է մյուս բանդիտները մտածեն, թե ոստիկանությունն իր գործն ավարտված է համարում, որպեսզի հեշտ վնասազերծեն: Սակայն երեկ news.am-ը տեղեկություն հրապարակեց, որ հոկտեմբերի 3-ին Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու բնակարանից, որը գտնվում է մայրաքաղաքի Բարբյուս փողոցում: Գողացել են ոսկյա վզարդեր և փող: «Այսինքն` բանդան մարտահրավեր է նետում ոստիկանությանը»,- գրում է «Ժողովուրդը»: