ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնի շտապ բժշկական օգնության բաժանմունքի բուժքրոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնի շտապ բժշկական օգնության բաժանմունքի բուժքույրը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի վարչության Մարտունու բաժնում այն մասին, որ նույն օրը ժամը 12:30-ի սահմաններում, ստացված կանչի համաձայն բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում, հիվանդի ամուսինը, ով հանդիսանում է ՀՀ կենտրոնական զինվորական դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ, ապտակել, ապա ոտքով հարվածել է իրեն:
Բուժքրոջ նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը հաստատել են նաև շտապ բժշկական օգնության բաժանմունքի բժիշկը և վարորդը, մինչդեռ հիվանդի ամուսինը և դեպքին ականատես ազգականները ժխտել են այն:
Նկատի ունենալով, որ բուժքրոջ հաղորդման մեջ մատնանշվել են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ և կողմերի բացատրություններում առկա են հակասություններ, հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, հայտնում են Հայաստանի գլխավոր դատախազությունից: