Այսօր երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի տրվել է պետական ընթրիք: Ընթրիքի ժամանակ իր բաժակաճառում Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի հատուկ հարաբերությունները` նշելով, որ դրանք ունեն խոր պատմական արմատներ։
«Դեռևս 11-14-րդ դարերում Կիլիկիայի Հայոց Թագավորության օրոք, հայ և ֆրանկ ազնվական տների միջև կնքված ամուսնական և ռազմավարական դաշինքներից ի վեր, հայ-ֆրանսիական առնչությունների սաղմերը հետագա դարերում շարունակաբար ամրապնդվել են` վերածվելով խոր արմատներ ունեցող անկեղծ բարեկամության: Ամենևին պատահական չէ, որ ֆրանսիական հողում, Ֆրանսիայի թագավորների կողքին է հանգչում հայոց վերջին թագավորը՝ Լևոն վեցերորդը:
Մեր ժողովուրդների միջև փոխճանաչելիության, համակեցության շրջանակներն ընդլայնվեցին մեր ազգի պատմության ամենաօրհասական ժամանակաշրջանում: 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով հայրենազրկված հարյուր հազարավոր հայեր ապաստան ու ապավեն գտան Ֆրանսիայում:
Վառ պահելով հայկական ինքնությունը` հայ մարդն անցավ Ֆրանսիայի հասարակական կյանքի լիարժեք ինտեգրման ճանապարհը` վտարանդի օտարականից դառնալով հայկական ծագում ունեցող օրինակելի ֆրանսիացի: Ես իսկապես հպարտ եմ, որ մեծաթիվ ֆրանսահայեր ակնառու հաջողություններով իրենց նպաստը բերեցին Ֆրանսիայի բարգավաճմանը և դարձան մեր երկու ժողովուրդների համատեղ հպարտության խորհրդանիշ», – ասել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` Ֆրանսիայի հասարակությունը երբեք անհաղորդ չի մնացել Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրին, նրան հուզող խնդիրներին։ Ֆրանսիան ապավեն է դարձել Հայաստանին անկախ պետականության վերականգնման առաջին իսկ օրվանից՝ շարունակաբար աջակցելով ամրապնդել մեր պետականության հիմքերը, սատար կանգնել մեր ամենադժվարին օրերին։ Հայ ժողովուրդը և Հայաստանը շնորհակալ են բարեկամ Ֆրանսիային Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու համար:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սարկոզիին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի և անձամբ իր հետևողական ջանքերի համար:
«Ֆրանսիան համաշխարհային խոշորագույն դերակատար է, և Ֆրանսիայի արդար ու անաչառ մոտեցումն այս խնդրում կենսական կարևորություն ունի մեզ համար», – ասել է ՀՀ նախագահը։
Նշենք, որ երեկոյան Սերժ Սարգսյանն ու Նիկոլա Սարկոզին զբոսնել են Հանրապետության հրապարակում, դիտել «Երգող շատրվանները», ունկնդրել հատուկ Ֆրանսիայի նախագահի պետական այցի պատվին հնչող ֆրանսիական և հայկական երաժշտություն, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի կատարումներից: