Տավուշի սողանքային գոտում փրկարարական աշխատանքները կշարունակվեն, քանի դեռ կա մարդկանց գտնելու նվազագույն հնարավորություն: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Այսօր առավոտյան դեպքի վայր է մեկնել 12 փրկարար Դիլիջանից և 4 փրկարար Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից: Նրանց աջակցում են նաև ոստիկանները և երկաթգծի կռունկավարները:
Ներկայումս որոնողական աշխատանքներ են իրականացվում 7 աշխատանքային տեղամասերում: Այնտեղ աշխատում է 14 փրկարար Արմավիրի մարզից, 30 փրկարար` Կոտայքից, 12-ը` Տավուշից, 35-ը` Արարատից, 7 հոգի` Ախթալայի լեռնափրկարարական ջոկատից, 20 փրկարար և 1 շնաբան` իր շան հետ Երևանի հատուկ փրկարար ջոկատից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է: Վերջին տվյալներով` անհայտ կորած է համարվում 5 մարդ: