Երեկ Ազատության հրապարակում Արամ Մանուկյանը դիմել է հավաքվածներին` ներկայացնելով Վանուշ Խանամիրյանի հուղարկավորության արարողության հետ կապված ընդդիմության մոտեցումը:
Մանուկյանը նշել է, որ հուղարկավորության հարցերով կառավարական հանձնաժողովը խնդրել է իրեն քննարկել հուղարկավորության միջոցառումների ընթացքը, քանի որ այն պետք է կայանա Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքից:
«Ես հաճույքով մասնակցեցի էդ զրույցներին, տարբեր առաջարկներ եղան: Իրենց առաջարկների մեջ կար այսպիսի առաջարկ. Օպերայից լինի հուղարկավորությունը, մենք միջանցք բացենք դեպի Թումանյան փողոց` Խանամիրյանին հուղարկավորել այս ճանապարհով: Մենք այսօր էլ ոստիկանության պատասխանատուների հետ հանդիպեցինք, և կրկին ասեցինք, որ մենք պատրաստ ենք, մենք այդ կարգի հարցերում որևէ քաղաքական հարց չենք դնում: Մարդը մշակույթի գործիչ է, Հայաստանի մշակույթի բնագավառում կայացած, շուրջ 60 տարի այս բնագավառում վաստակած, աշխատած սիրելի պարի մանսագետ է և մշակույթի գործիչ: Մեր կողմից որևէ առարկություն չի եղել այդ առումով, ընդհակառակը, մենք ասացինք` մեր ժողովուրդն էլ կմասնակցի և որևէ խնդիր չի առաջանա: Բայց, ցավոք, սրտի… ինչի՞ համար եմ այս հայտարարությունը անում: Որոշ ուժեր, որոշ մարդիկ, որոշ լրատվամիջոցներ էսօր տարածեցին, որ Հայ Ազգային Կոնգրեսը խոչընդոտել է Վանուշ Խանամիրյանի թաղման կազմակերպման աշխատանքներին և իրենք տեղափոխել են թաղումը Ֆիլհարմոնիայի դահլիճ: Ես կրկնում եմ, որևէ այդպիսի բան չի եղել: Մենք հանդուրժողականության կողմնակից ենք, մենք հենց դրա համար ենք պայքարում, մենք քաղաքացիական հանդուրժողականության և ազգային միասնության կողմնակից ենք, և որպես առհավատչյա այս ասածիս, ես ուզում եմ շատ կարճ հարգենք մաեստրո Վանուշ Խանամիրյանի հիշատակը և վաղը ժամը երկուսին մենք մասնակցենք նաև նրա հուղարկավորությանը»,- հայտարարել է Արամ Մանուկյանը:
Այս հայտարարությամբ Արամ Մանուկյանը, փաստորեն, հերքել է ՀՀ ոստիկանության հետևյալ հաղորդագրության մեջ նշված վարկածը.
«Ազատության հրապարակում անցկացվող անօրինական հավաքը տևական ժամանակ է, ինչ կոպտորեն խախտում է հասարակական կարգը: Հավաքի մասնակիցները, անտեսելով ոստիկանության օրինական պահանջները, Ազատության հրապարակը չեն ազատել տեղադրված վրաններից` դրանով իսկ սահմանափակելով այդ տարածքի մատչելիությունը այլ անձանց համար:
Հավաքի կազմակերպիչների և մասնակիցների անօրինական գործողությունների արդյունքում վերանայվեց նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի վերջին հրաժեշտի արարողությունը կազմակերպելու վերաբերյալ կառավարական հանձնաժողովի որոշումը: Սույն արարողության պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության բանակցությունները հավաքի կազմակերպիչների հետ արդյունք չտվեցին»: