Երեկ երեկոյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հերթական ուրախության երեկոն պարգևեց իր երկրպագուներին: Վարդան Մինասյանի թիմը սեփական հարկի տակ 4:1 հաշվով պարտության մատնեց Մակեդոնիայի հավաքականին` ընտրանու պատմության էջերը վերագրելով և նոր ռեկորդներ սահմանելով:
Առաջին անգամ իր պատմության ընթացքում Հայաստանի ընտրանին երեք անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Ոչ մի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 17 միավոր չէր վաստակել և 21 գնդակ չէր խփել: Առաջին անգամ Հայաստանը խմբում առնվազն չի իջնի երրորդ տեղից, ինչն ինքնին բացառիկ ցուցանիշ է հայաստանյան ֆուտբոլի համար: Հայաստանի հավաքականի գնդակների տարբերությունն է +13, սա նույնպես հարգանքի արժանի վիճակագրություն է:
Մակեդոնիայի հետ խաղի միայն առաջին 20-25 րոպեներն էին նյարդային: Երբ Յուռա Մովսիսյանը գործի անցավ` կազմակերպելով առաջին գոլը (նրա հիանալի անցումից և փոխանցումից հետո մոտ տարածությունից դարպասը գրավեց Մարկոսը), ֆուտբոլիստներն իրենք հանգստացան և հանգստացրեցին երկրպագուներին: Իսկ երբ ձախով ֆանտաստիկ հարվածով Հենրիխ Մխիթարյանը երկրորդ գնդակը խփեց, ամեն ինչ պարզ դարձավ:
Երկրորդ խաղակեսում կրկին փայլեց Յուռա Մովսիսյանը: Նա ոչ միայն ևս երկու գոլային փոխանցում կատարեց Գևորգ Ղազարյանին և Արթուր Սարկիոսովին, այլև ընդհանուր առմամբ փայլուն խաղ ցուցադրեց` արժանանալով տրիբունաներին ամենաբարձր գնահատականի: Թեև Մովսիսյանը գոլի հեղինակ չդարձավ, երկրպագուներն անընդհատ վանկարկում էին նրա անունը:
Հաղթանակից հետո Երևանի փողոցներում սկսվեց արդեն նման դեպքերում ավանդական դարձած տոնախմբությունը: Փողոցները լի էին մարդկանցով, ովքեր տոնում էին Հայաստանի հավաքականի հաղթանակը: Ցավոք, օրն ավելի ուրախալի չդարձրեցին սլովակները, ովքեր Ռուսաստանին հաղթելու դեպքում, կարող էին մեր թիմին առաջին տեղը գրավելու հնարավորություն թողնել: Սակայն Սլովակիան սեփական հարկիր տակ պարտվեց 0:1, և այժմ Հայաստանի հավաքականը պայքարում է երկրորդ տեղի համար,որը հնարավորություն կտա Եվրո-2012-ի ուղեգիրը վիճարկել փլեյ-օֆ փուլում:
Դրա համար հարկավոր է շատ բարդ խնդիր լուծել` Դուբլինի «Ավիվա» ստադիոնում պարտության մատնել Իռլանդիայի հավաքականին: Իռլանդիան, երեկ հաղթելով Անդորրային, հավաքել է 18 միավոր, և վերջին խաղում այս թիմին կբավարարի նաև ոչ-ոքին: Հայաստանի ընտրանին,այնուամենայնիվ, վերելքի վրա է, և Դուբլինում հետնապահի կարգավիճակում չի լինի, ինչպես դա մեկ տարի առաջ էր, երբ ընտրական մրցաշարի առաջին խաղում մեր թիմը սեփական հարկի տակ պարտվեց մրցակցին 0:1 հաշվով: