Home / Հայաստան / Ադրբեջանը խոսքի ազատություն կտրամադրի միայն «Եվրատեսիլի» հյուրերին

Ադրբեջանը խոսքի ազատություն կտրամադրի միայն «Եվրատեսիլի» հյուրերին

Ընթացիկ տարվա մայիսին Գերմանիայում կայացած «Եվրատեսիլ-2011»-ից հետո Ադրբեջանում քաղաքական և հասարակական գործիչների ձերբակալությունների հերթական ալիքը սկսվեց, ավելացավ ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումը, գրում է kultura.az-ը:

Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն այսօր նամակ է հղել Եվրոպական հեռարձակողների միությանը, որում կառավարության անունից երաշխավորում է «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի հյուրերի համար վիզային ռեժիմի հեշտացումը և նրանց անվտանգության ապահովումը: Կառավարությունը նաև երաշխավորում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների և մրցույթի հյուրերի հավաքների անցկացման և խոսքի ազատության իրավունքի ապահովումը:

Կայքն ընդգծում է, որ կառավարության երաշխավորագիրն ուղարկվել է Եվրոպական հեռարձակողների միությանը այն բանից հետո, երբ միջազգային և ադրբեջանցի իրավապաշտպանները սկսել են կոչ անել մրցույթի կազմակերպիչներին հրաժարվել Բաքվում Եվրատեսիլի անցկացումից, եթե Ադրբեջանի իշխանությունները չդադարեցնեն ճնշել քաղաքացիների հավաքների և խոսքի ազատության իրավունքները: Նրանք նաև պահանջում են ազատ արձակել ակտիվիստներին և քաղաքական դրդապատճառներով դատապարտվածներին:

Կայքը նշում է, որ նամակի բովանդակությունից հետևում է, որ այդ երաշխիքները տրամադրվում են մրցույթի անցկացման ժամանակահատվածում, իսկ դա դժվար թե բավարարի իրավապաշտպանների պահանջները, որոնք շարունակելու են մարդու իրավունքների պաշտպանության համար իրականացվող շարժումը: